Դրսում ամեն ինչ
Պայծառ է, աշխույժ,
Ինչ-որ մոռացման ժպիտ է փռվել
Ճամփեքի վրա։
Փափուկ ձմեռ է,
Տաքուկ ձմեռ է։
Ահա զրնգաց օրերիս շղթան,
Այդ զնգոցի մեջ
Մեղեդիներ է փնտրում ինձ պես խենթ
ու անչար մի մարդ,
Փնտրում է բառեր,
Որ իրար վրա դարսելով կամաց,
Կարող են ձյունի փաթիլների պես
մի վերմակ հյուսել՝
Թեկուզ չծնված մի ծիլի համար,
Ես ինձ չեմ ուզում,
Ես քեզ եմ ուզում։
Բայց դու ինչու ես ինձնով խաբում ինձ։–
Ինչ փափուկ ձմեռ,
Ինչ տաքուկ ձմեռ։ Ձմեռ է եւ՝ վերջ.
Գուցե գարո՞ւն է։ Խենթացա էլի.
Չգիտեմ ինչու, ոնց եւ ինչպիսի,
Սիրտս լռության բառեր է փնտրում։
* * *
Երբ քեզ մոտ չեմ ես,
Դու սովորական աղջիկ ես դառնում։
Եվ քո կրծքի տակ բաբախող ինչ որ
հուշի զարկերից
Կամ պատահաբար գուցե, ով գիտե,
Հենց այնպես, հանկարծ
Միտդ եմ ընկնում,
Մի պահ կանգնում ես ինքդ քո առաջ։
Ու քո աչքերը նման պահերին
բառեր չեն գտնում