Եվ բացվում եմ ես խենթորեն...
Մեր գլխից վեր՝ մեծ երկնքում,
Ամպերն ասես շիկանում են
Քո ջերմ սիրուց
Ու Երկնքի դռներն իրենց
վրա փակում...
Արեւի տակ կարոտանքով
Խոնարհվում եմ քո սարերին,
Նրանց հողոտ,
Տաք շուրթերից
Անհագորեն ըմպում եմ քեզ
Եվ ծարավն իմ... մեծանում է։
ԻՄ ԵՐԴՈՒՄՆ ԵՍ
Աստղասեր ես,
Աստղո՛վ սեր ես։
Հավերժության շուրթին ծաղկած
իմ երդումն ես,
երազներս քո լույսով են
ծաղկակալում։
Ես ընթացքն եմ ճամփաներիդ,
Դու՝ սլացքն իմ, աստղոտվու՜մ ես
Աստղամա՛ր ես,
աստղո՛վ մայր ես։
Արեգական լույսեր հագած
բարձրիկ ու սեգ իմ լեռների
սրբամայրն ես։
Կրկնությունն ես
Մեր իսկ սրտի,
հոգո՛ւ, ոգո՛ւ։
Աստղահո՛ղ ես,
աստղո՛վ հող ես։
Մարմարաշուրթ աղբյուրներդ