Կանգնել ահա
Ու նայում եմ մեր օջախին.
Օջախի մեջ պապիս պապի
նախապապի
Ձեռքով վառած կրակն է հին,
Անթեղվելով,
Հուրը հրին տալով եկել,
հասել է ինձ,
Կրակը հին։
Եվ պողերը իրար բերում
մոխիրներում,
Շաղախում իր տաք շնչի հետ,
Նոր կրակ է մայրս վառում։
Ու կրակի պողերը թեժ
Մատներն իմ մոր չեն էլ այրում,
ՈՒ կրակի պողերը թեժ
Համբուրում են մատներն իմ մոր։
Թեժանում է կրակն իսկույն,
Բոցերն աշխույժ պար են բռնում,
Մորս հոգու ջերմությունը
Նկարելով մեր տան պատին,
Ուր պատկերն է
Իմ մեծ պապի։
Հետո գալիս փայլը նրանց
Թրթռում է դեմքիս վրա։
Ես զարթնում եմ, տեսնում տունը,
Առավոտը,
Եվ երկինքը, լեռներն ամեն
Կրակից այդ ջերմություն ու
փայլ են առել։
Մինչեւ մայրս կրակ չանի,
Արեւն էլ չէ
Իր անկողնուց փորձում ելնել։