Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը նշմարում է տիեզերական գծերի նոր բեկումներ. «Ընդդիմադիր գծերի հայր Խուան Միրոյի տիեզերական քմծիծաղը // կախվել է երկնքի քիվերից՝ որրդես կրակի ստվեր...», «Ճանապարհները մարդուց դուրս են մնում, որ նա կարողանա հասնել // ինձ հավերժ անհաս մնացին գագաթները, որոնց ես հասա»։ Մտքի ու երեւակայության թափառումները միջնորդվում են այլ խորհրդանիշերով, մոմը՝ աղոթք առ երկինք, Աղավնին սպասումի կարոտ Մասիսի վրա։

Թվում է, թե Ծառ, Մոմ, Աղավնի խորհրդանիշերի տեսիլային մեկնությունները կտանեն դեպի հասարակական մի գաղափար եւս, սակայն, խոհերը սուզվում են հեռուների անորոշության մեջ.

Ծառերն ընթանում են ջրերից արագ։ Լուսաստղն ինքն իրենից
ուշացավ։ Ծաղիկներ վերցրու քեզ հետ, որ ուղին ընթանա անսխալ։
Իսկ ես ուզում եմ անպայման գնալ մի տեղ, ուր չի կարելի գնալ:

Ես փորձեցի ներկայացնել բանաստեղծության բնագրային վերլուծությունը, հաստատելու համար, որ այն չի ենթարկվում վերլուծության «դասական» եղանականերին, քանզի անսյուժե տողանցումները կարելի է միայն ներզգայել, որ գրեթե անմեկնելի են տրամաբանությամբ։ Մնում է գիտակցել այն եւ սահմանել նրա տեսությունը։ Ի վերջո, ամեն մի բանաստեղծ կառուցում է աշխարհի իր մոդելը, բառի ու պատկերի իր սեմանտիկան։ Հակոբյանի պոետական իրականությունը իռացիոնալ է, մետաֆորն այլաբանորեն հակադարձված, ուր ընկալման օպտիկան ամենուրեք խախտում է իրերի տեսիլքը. «Հայացքդ այնքան է թափառել հեռուներում, որ // աչքերդ դարձել են բոլորովին կապույտ». «Յուրաքանչյուր բառ յուրովի խռովարար է, իսկ// մութը դա սեւ լույս է պարզապես։ // Անձրեւը քարերի վրա վարդեր է հյուսում արծաթե թելերով // Եւ ձեռագործում է աղավնիներ ու աչքեր»։

Երբ Էյնշտեյնը հայտնագործել է ժամանակի իր տեսությունը, գյուտը նրան պատճառել է խորը հոռետեսություն, քանզի փլուզվել է երկրային մի հասկացություն, որ մինչ այդ եղել է ամբողջական, հասկանալի ու վերջավորված։ Չկա ժամանակ, չկա եւ տարածություն, այլ օրենքներով է շարժվում տիեզերքը, նյութականը սոսկ միստիկական պատկերացում է։ Հարաբերական այս կախվածությանն է ունկնդիր Վարդան Հակոբյանի բանաստեղծության ժամանակը.