Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՇՆԱՆ ՊԱՏԿԵՐ
Մոտիկ անտառից խշշոց է լսվում,
Քամին է խաղում տերեւների հետ,
Չոր ու դալկահար տերեւով լցնում
Ամեն մի աղբյուր, ամեն արահետ։

Ծառերը նորից, նորից մերկացել,
Դողում են ցրտից, ասես հեկեկում.
Թռչունի բույնն է տերեւով լցվել,
Մի ծառի վրա՝ փոքրիկ փչակում։

Լռել է գարնան երգը անտառում,
Արեւն է թախծում ժայռի պռունկին.
Լացում է ձայնը խզված մի առու,
Ինչ-որ տերեւ է մնացել բկին...


ԻՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ստեղնաշար է լեռներով անցնող
          իմ ճանապարհը...
Ամեն մի քայլիս սեղմում եմ նրա
                  ինչ-որ մի ստեղ,
Միայն թե այնպես,
Որ մի ավելորդ հնչյուն չլսվի
Եվ ճանապարհն ու իմ կյանքը դառնան
                 ներդաշնակ ու պարզ
Մի հուզող նվագ...


ՊԱՀԸ
Լուսինը, ինչպես բյուրեղյա մի գունդ
Իջել է բարդու կանաչ կատարին։
Եվ բարդին լուռ է, չի շրշում բարդին...
Գլուխը շարժի՝
Լուսինը հանկարծ կընկնի, փշրվի։