Թոթովախոս մանուկների
Եվ իմ դարի ձեռքով արված
Վաղվա կանաչ հերկերի մեջ։
Քեզ տեսնում եմ իմ հաջողված,
Թեկուզ եւ հենց
Իմ անհաջող երգերի մեջ...
* * *
Խելագար ամպե՜ր...
Քիչ ջուր են խմել մոտակա ձորից
Եվ իրենց դրած հարբածների տեղ,
Իրար հրելով
Ու օրորվելով երկինք են ելնում,
Զարնվում իրար, մռնչյուն հանում։
Սառը մի տագնապ պատում է հոգիս.
Չլինի՞ հանկարծ խենթերը այնտեղ
Կարկուտի փոխեն
Գետերից առած ջրերը բոլոր։
ԵՐԱԶԻ ՆՄԱՆ
Առվակը իր զույգ թեւերի վրա
Կանաչ է տանում դաշտերով դեղին.
Եվ իմ խոհերը փաթաթված նրան,
Գնում են՝ հեռվում մերվելու հողին։
Իմ հայացքի մեջ՝ ծաղիկների գույն,
Կանաչի ծովեր՝ իմ դեմքի վրա...
Թռչում է կյանքս դեպի իր հեռուն,
Իրական դառնող երազի նման։