Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետական կառուցվածքի ազատականացումը ազդարար եղավ ազգային ոգու արթնացման եւ երկրամասը բռնկվեց ազատագրական պայքարի գաղափարով։ Ասպարեզ եկավ 60-ականների սերունդը՝ հեղափոխություն նշանավորելով Արցախի մտավոր կյանքում, գրականության ու հրապարակախոսության գաղափարն ուղղելով երկրամասի պատմության, մշակույթի, էթնիկական ավանդույթների վերածնությանը։ Տասնամյակներ շարունակ Արցախի բանաստեղծությունը ներփակված էր մարզային տարածքի գաղութային կապանքներում՝ օտարված իր պատմության ու ազգային ոգու հիմունքներրից։ Ղարաբաղը պատկերվում էր դրսից, քան բացահայտվում ներսից եւ դարաբաղյան մոտիվը գերազանապես հնչում էր որպես էկզոտիկա, հայրենի եզերքի ռոմանտիկական նոստալգիա /հայրենաբաղձություն/։ Հեղափոխական վերելքի մթնոլորտում կազմավորվեց Վարդան Հակոբյանի գրական անհատականությունը։ Նրան վիճակվեց կատարելու ավելին, քան իր գրչակիցներից որեւէ մեկին։ Նա որակափոխեց արցախյան պոեզիայի ձեւն ու բովանդակությունը, նրա աշխարհայացքը, ժանրային կազմն ու փիլիսոփայական տեսահորիզոնը։

«Անդրադարձի տեսիլներ» ժողովածուն Վարդան Հակոբյանի ստեղծագործության ընտրանին է։ Սա գրողի կենսագրությանն է՝ որոնումների ու հայտնության բարդ անցուղիներում։ Հատորն ընդգրկում է քնարերգությունը՝ հինգ շարքերով «Մեղեդիներ», «Մի կռունկ անցավ», «Տաճարն Աստծո», «Ասք մայրության», որոնք համակարգված են ոչ թե ըստ ժամանակագրության, այլ գեղագիտական ներքին հատկանիշի։ Մի ամբողջ բաժին են կազմում պոեմները՝ «Համանվագ», «Գողգոթա», «Երամականչ», «Աստծու տաճարը» եւ «Մաշտոցն Ամարասում»։ Վերջապես նաեւ «Քրիստոսի ծաղիկները» ասքը։

Ինչպես տեսնում ենք, առկա է գրական մի պատկառելի ժառանգություն, որն ինքնին արժանի է ուսումնասիրության՝ մասնավորապես արցախյան գրականության պատմության եւ նրա զարգացման հեռանկարների տեսակետից։ Այստեղ խնդիրն առնչվում է Վարդան Հակոբյանի բանաստեղծության պոետիկայի քննությանը՝ ուղեկից ունենալով ինքնաճանաչման իր իսկ սահմանումները։ Ի դեպ, ասեմ, որ նա տիրապետում է բանաստեղծության գիտությանը եւ իր էսսեներում ձեւաբանել է միանգամայն հետաքրքիր ու ինքնատիպ հայացքներ տաղաչափական արվեստի եւ բառի գեղագիտության վերաբերյալ։

«Յուրաքանչյուր անհատի ներքին զգացողություններում,– ասում է Հակոբյանը,– գործում է բանաստեղծը։ Բայց ոչ միայն անհատի։ Քարն ունի իր ներքին բանաստեղծը, ծաղիկն՝ իր, թռչունն՝ իր... որովհետեւ ամբողջական աշխարհի տրոհված մասնիկներն ենք բոլորս եւ բոլորիս սկիզբը...