Լոկ նրա համար, որ իմ մայրն ես դու,
Ջերմություն ես դու
Եվ ես չեմ մրսում...
Եթե ես հաճախ մանկան նման խենթ
Չարչարում եմ քեզ, խոսքդ չեմ լսում,
Քո մանկությունն եմ բերում քո առաջ,
Հիշեցում Եմ ես–
Դու ես մանկանում...
Իսկ թե ծառերից ծաղիկ է ընկնում՝
Պոկված գիժ քամու քմահաճույքից,
Այն դու ես դարձյալ տխրում իմ հոգում,
Հողի երգն ես դու–
Քեզ եմ կրկնում...
* * *
Ծառերից թափվող այս տերեւները
Նրանց երբեմնի կանաչ օրերն են,
Որ հավաքել ու ի մի է բերել
Փողոցը ավլող մի լավ ծերունի։
Ի մի է բերել՝
Մտքով գնալով օրերը ջահել.
Եվ... ափսոսում է, չի ուզում վառել։
* * *
Արեւ է առնում
Ծառը մայր հողից
Ու առնում է կյանք,
Եվ վարձահատույց
Լինում ամեն օր՝
Նրան պահելով
Իր շվաքի տակ: