Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ կարոտները փնջելու համար...
Ելնում եմ ժայռը,
Որ իմ հողակոշտ ձեռքերն երկարեմ
          Դեպի քո հեռուն
Ու մի գիրկ կրակ կամ այրում առնեմ
Ելնում եմ ժայռը,
Այնտեղ՝ արեւից մոտիկ հալվելու,
          Ձուլվելու ժայռին
Եվ բողբոջելու պատվաստի նման...

Ելնում եմ ժայռը,
(Ձեր աչքին բարձրից ես երեւալու
          միտումներ չունեմ),
Որ ժայռը քիչ էլ ինձնով բարձրանա...

ՀՈՂՈՏ ԱՐԵՎ
Լեռան կանաչ կրծքից ելած,
Շողը լեռոտ,
Թեւը՝ հողոտ-ցողոտ արեւ,
Քո կարոտը ծանոթ է ինձ.
Որքան կուզես
Թեւածիր դու երկնի հեռվում
Ու մի՛ հիշիր մայր լեռներին։–
Միեւնույն է,
Երբ մարելու ժամդ հասնի,
Ինչ որ մի սեր
Ակամայից քեզ կքաշի,
         Կբերի քեզ,
Որ լեռների գրկում... հանգչես։

              * * *
Անհոգությունը իմ մեջ ապրում է՝
Որպես համրության սղոցող մի ճիչ,
Եվ ես երազիս ծաղկած ափում էլ
Անհոգ եմ կարծես ու սառը մի քիչ։