Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԿԻ ՊԵՍ
Պետք չէ թեթեւ լինել, ամպե՛ր,
Խելառ քամին,
Ձեզ կտանի աշխարհից դուրս,
Եվ դուք կարոտ կմնաք միշտ
Ձեր կարոտից շուրթը ճաքած
         Լեռ ու ժայռի,
Ձեր կրծքի տակ քաղցր-քաղցր
Խլրտացող
Կակաչաշուրթ առուների...
Հասունության հասակի պես
         Եղեք լցված,
Կիսով հողին
Ու ջրերին ձուլված եղեք,
Նրանք են լոկ պարգեւում ձեզ
Ծանրությունը ձեր իմաստուն։
Ձեր մշտարթուն
Լինելության թարմությունն են
Նրանք նաեւ...
Թեթեւ լինել պետք չէ, ամպե՛ր։

              * * *
Նկարեցի աչքերի մեջ -
Արեւն՝ առանց մայրամուտի,
Գարունն՝ անանց,
Հոգու թրթիռ վարդն՝ առանց փուշ
Եվ ծաղկի պես սերը անբիծ...
Աչքերիս մեջ
Նկարեցի աշխարհն այսպես
Ու կյանքն ասաց.
          - Կատարյա՛լ չէ: