* * *
Ժայռաբեկորնե՜ր,
Քարե՜ր ու քարեր
Ու ծաղիկ մի ջինջ...
Եվ քարությանը, ծաղիկն այդ միակ
Նեղել է պայծառ
Ու արեւագույն իր ժպիտներով...
ԱՇՆԱՆԱՅԻՆ (Պատկեր)
Օրը արեւի աչքից ընկել է
Ու անձրեւների միջով է անցնում.
Հիմարիկ առուն լեռնալանջերին
Ձեռքը հավաքել ամպերի փեշը,
Հեռուն է վազում...
Քրտինքով պատած, թոշնած մի տերեւ
Վռազում այնպես,
Այնպես է վազում առվի ջուրն ի վար,
Ասես կորցրած կանաչությունն իր
Ուր որ է պիտի գտնի քիչ հեռվում...
ԻՄ ՏԱՆ ԼՈՒՅՍԸ
Սար ու ձորեր լցվեց մութը,
Կորցրի նորից տուտը ճամփիս։
Բւսյց եւ հանկարծ հիշեցի, որ
Տանն իմ՝ հեռվում,
Մի լավ մանուկ՝ անուշ մոր հետ՝
Լույսը վառած,
Իմ ճամփան է հիմա պահում։
Հիշեցի եւ, հրաշք, կարծես
Իմ տան լույսը
Ձուլված նրանց ժպիտներին,
Կարոտի պես եկա՜վ, եկա՜վ,
Լցվեց մեկեն աչքերիս մեջ,