Ուր ժայռերը,
Քարերն անգամ շոյանքով են
Փարվում իրեն,
Գուրգուրանքով մոր մատների...
Ռուսական մի սպիտակ կեչի
Երգ է դառել,
Հեւք է դառել
Ու լեռնածին ծառերի հետ
Շրշում է մեղմ,
Հուշեր պատմում
Այն շիկահեր ու սեւաչյա
Տղաների՛,
Կռվի մասին,
Որ տեսնում էր իր աչքերով՝
Կսկիծները պահած սրտում...
Արյուն տեսած,
Ցավեր ու թյուր դավեր տեսած
Մի լավ կեչի
Հառաչի է իսկույն փոխվում,
Երբ երկնքի
Մի հեռավոր ծերից անգամ
Ամպ է կախվում,
Ու ճչում է,
Դառնում կրակ, բողոք դառնում...
Ռուսական մի սպիտակ կեչի
Թախծանվագ
Եվ խաժաչյա բանաստեղծի
Երգն է ասես հողիս վրա,
Որ չի լռում ոչ մի վայրկյան,
Ու նրանից,
Ինչպես չքնաղ նաիրուհուց,
Լույս է ծորում գիշերն ի լույս...