Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

              * * *
Դու քո մաքրության բոլոր գույներով
Ազնիվ երգ դարձիր շուրթերիս վրա
Եվ թող հավատամ,
           Զգամ սրտիս մեջ
Քաղցրաձայն ցավը այն արահետի,
Որ տրորվում է
Միայն քայլերից սիրո, հավատի...

               * * *
Գիշերվա քաղցր ծոցում ծվարած
Մի լույս մոմակալ,
Եվ նրա շուրջը՝ երգեցիկ լույսեր,
           Գեղեցիկ հույսեր,
Ինքն իր կրակով վառվող աղջկա
Աչքերում ծաղկող երազնե՜ր, հույզե՜ր...
Մի լո՜ւյս մոմակալ,
Որ ինքը իր տակ չի լուսավորում,
Իր իսկ լույսերով ընդգծում է լուռ
                Շքեղությունն այն
           Նվիրումների,
Որ աչք-ունքից է ծորում աղջկա,
Որ եւ իր ճերմակ հրից է ծորում.
- Ստվերները՝ ինձ, լույսը՝ ձե՜զ, մարդի՛կ...

ԾԻԾԱՂԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ

Գարունն այս ինչ-որ ծանոթ է թվում,
Քո աչքերում եմ տեսել երեւի...
Եվ իր պերճությամբ այնպես է թովում,
Սիրտը իմ լցնում հույզով արեւի,
Որ քիչ է մնում խենթանամ, գժվեմ,
Ուրախությունից մի անկյուն քաշվեմ,
Արտասվեմ սրտանց...
Արտասվեմ կորցրած, նորից գտնվող
Իմ գարունների, վարդերի համար։