* * *
Քո դեմքի վրա ծաղկող շիկնանքի
Համաչափությամբ
Հարություն առար երազներիս մեջ։
Ինձ ոտքերի մոտ գտա լռության։
Աշխարհը կարիք ունի ջերմ սիրո,
Աշխարհն աղջկա վարդոտ շուրթերի
Այրումներ ունի,
Որպես անբառ երգ,
Արի... վերնագիր դարձիր դու նրան։
* * *
ՆԵրսս թոնիր է...
Չափից ավելի ուժեղ է վառվում
Քո ձեռքով վառած կրակը իմ մեջ,
Սիրո՜ կրակը...
ՄԻ քիչ ջուր ցանիր,
Որ երբ ցանկանաս հաց հանել թոնրից,
Չայրվի գոնե քո դեմքը, սիրելիս...
ԿԱԿԱՉ
Հովը նվաղեց կրծքին կակաչի–
Կակաչն արեւի հալոցք ու հուր է,
Իսկ դեմքի վրա վառվող կակաչի՝
Ի՞նչ կակաչ, ի՞նչ խալ՝ աստղի համբույր է։
Հովի շուրթերը շիկնել են հրից,
Շուրթի կարմիրը կմատնի նրան.
Ու նա արբեցած փախչում լեռներից,
Փռում է երգն իր ձորերի վրա...
Գիշերը անցնում, մաքուր սիրո պես
Կակաչի ներսում փոխվում է լույսի.
Այդ պահին նրա սրտին թե նայես,
Թվում է, ոչ մի սեւ բիծ չես տեսնի...