Նրա աչքով միշտ ինձ նայում,
Փայփայում եք ինձ, ծաղիկնե՛ր.
Նրա բույրով միշտ հմայում
Ու վառում եք ինձ, ծաղիկնե՛ր։
Հաճախ էլ երբ խենթ եմ լինում,
Չեմ նկատում ձեզ իմ ճամփին,
Դարձյալ դուք ինձ հետ եք մնում,
Ներում եք միշտ ինձ, ծաղիկնե՛ր...
Եվ կարիք կա՞ հարցնել՝ ինչո՞ւ.
Իմ հոգու մեջ ձեզ պես մաքուր
Մի սեր ունեմ ես, ծաղիկնե՛ր...
* * *
Արեւից պոկված, իմ սրտին փարված
Մի արեւագույն մեղեդի ես դու
Եվ իմ արյան մեջ լսվում է մաքուր,
Ազնիվ նվագը քո երազների...
Դու մեղեդի ես,
Միայն թե միշտ իմ սրտո՛ւմ ես հնչում,
Դու մեղեդի ես,
Միայն թե ես քեզ սրտո՛վ եմ լսում,
Եվ զգում այնպես,
Ինչպես արեւի ջերմությունն է պարզ
Զգում գարունքվա հողը փափկացած...
* * *
Ո՞նց է եղել, որ քեզ չեմ հանդիպել,
Դու ապրում էիր իմ հավատի մեջ.
Քանի դեռ հողում հունդը չի պայթել,
Ծիլն է նրանում ծվարում այդպես։
Ուշացած եկար։ Ի՞նչ արած, սակայն,
Թող գարունն իրեն կրկնի նորից,
Կարոտս վառած հեռվից քեզ կգամ,
Որ գնանք հետքով մեր երազների։