Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որովհետեւ վերապրելը ապրելու մի ձեւն է միայն
եւ, որովհետեւ, մեկ է՝ ասեմ, թե չասեմ,
բառերը թափվում են խոտերի պես,
ծաղիկների պես, տերեւների պես ու ձյունի
մազերիդ մեջ ոսկեարեւ ու ուսերիդ քնարավուն,
գետնին,
մնում են նրանից հատիկ-հատիկ փշուրներ
ու դու գնում ես կոխկրտելով,
ոչնչացնելով...


Բառը ապրումի ծաղրն է, ոչնչություն, քանզի ապրումը «անծիր-անսկիզբ-անվերջ-անսահման է», իսկ բառերը՝ հասկանալի, հոգու բռնկումներ, որ ձգտում են դեպի անհայտը, անկռահելին, վերզգայականը, իսկ բառերը՝ կրկնված, սովորական, ձանձրալի։ Մնում է միայն «անբառ մոմ վառել, անբառ աղոթել»։ Պոետական այս զգացողության այլաբանությամբ բանաստեղծը կասի, թե «մարդը ի ծնե մենակ է։ Եվ, դժբախտաբար, նա ավելի շատ դա զգում է միայն աշխարհից հեռանալիս։ Միշտ տառապանքի մեջ է եւ փափագում է ցանկալի մեկին, որին կարող է վերջին խոսքը վստահել։ Բանաստեղծությունը պարտավոր է, կարծում եմ, լինել այդ սպասվածն ու միակ վստահելին...»։ Երեւի պատահական չէ, որ Հակոբյանն իր հատընտիրներից մեկն անվանել է «Մենարան»։ Եվ իր պոեզիան մի յուրատեսակ մենախոսություն է աշխարհի, տիեզերքի, մարդու հետ, մենախոսություն առանց պատասխանի, թափառող հոգու անհանգրվան դեգերում.

Անհասկանալի օրերի միջից ես ինձ գտնում եմ
հոգսով ծանրաբեռ, հոգով վիրավոր,
խաբված ամենքից
ու կարոտում եմ հեռու եզերքի, հեռու օրերի, մանկությանս, ինձ։
Ներել չեմ ուզում, ներվել չեմ ուզում, ուզում եմ հալվել,
անձանձիր հողի լռության մեջ խոր մերվել եմ ուզում,
ուզում Եմ ձուլվել
հոգնած գետերի հանդարտությանը խորունկ, անհուզում...

Բայց հոգու դրաման իր հետագիծն ունի կենսագրության ժամանակի անցուղիներում։ Նախերգանքի վաղնջական մեղեդիներում աշխարհը ռոմանտիկ գունավորում ուներ, երկինքն անամպ էր, սերը՝ կարեկից, բնությունը հասկանալի։ Փույթ չէ, թե ուղիները մոլոր են եւ որոնումի «ցավը նախնադարյան»։ Էականն այն է, որ «կա ծաղիկ, կա փուշ, ցավ կա՝ ուրեմն, կա