Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե մեղավոր ես, մնում ես խոնարհ,
Բացում ես մեկեն սիրտ ու էություն,
Դու քո ոտքի տակ դառնում ճանապարհ
Եվ քեզ մաքրության եզերք ես տանում...

Աղջկա աչքեր... աչքե՜ր իմ սիրո,
Ճամփիս լույս տվող մոգեր լուսեղեն,
Թող ցավ չտեսած ձեր անեղծ սիրով
Իմ երազների դեմքը ողողեմ...

                * * *
Քաշում է սերդ, ես բարձրանում եմ՝
Ինչպես արեւի շողն ի վեր ելնող
Կանաչ մի եղեգ,
Որին գետակի հոսանքը անգամ
   Չի կարող շեղել։
Սերդ քաշում է։
Եվ ես, որ, ահա, անլուռ օրերիս
   Ընթացքի մեջ եմ,
Իմ աչքերի մեջ ճգնում եմ պահել
Երազայինը,
   Մաքուրը, հեռուն...
Պապս ասում էր՝ իր ոտքերի տակ
Նայողին երբեք գետը չի ներում։

                * * *
Ինչո՞ւ առվակը կարկաչի, ես՝ չէ։
Ես քո խոսքերից
Մարգարտահատիկ բառեր ընտրեցի
                Երգերիս համար
Եվ բառերիդ մեջ փնտրեցի ձայնս,
Մինչեւ որ սերդ կապույտ հուն դառավ։
Ինչո՞ւ առվակը կարկաչի, ես՝ չէ։