Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սեր, արարում եմ ու կամ»։ Այս ցավը տակավին թախիծ չուներ, այն թախիծը, որ «գրեթե ֆիզիկական ցավ է պատճառում» /Տերյան/։ Բայց տաղանդի հասունացման հետ խորացան ներքին ու արտաքին աշխարհի բախման հանգույցները եւ բանաստեղծը կռահեց անքննելին, թե ինչքան էլ դյութական լինի սերը, երազները լինեն անեղծ, բնությունը թովչական եւ արշալույսները գեղեցիկ, այնուամենայնիվ, տիեզերական սկիզբ ունի մեր ունայն գոյության ողբերգական թախիծը եւ մենք հոգեկան ձուլվածքով կրում ենք Մեծ Վերջնականի քրիստոնեական հոռետեսությունը։ Կուռքերի անկումը, հին աստվածների վերածնունդը, սոցիալ-հասարակական մոդելների փլուզումը, այլմոլորակային այցելուների հարուցող տագնապը, էկոլոգիական համաճարակը, մարդկային հոգու ձեւի ու կշռի հայտնությունը, հին մարգարեությունների ու Նոստրադամուսի գուշակության ապոկալիպսիսը, որոնք գիտությունը հաշտեցնում են միստիկայի հետ, հեղաբեկում են բանաստեղծի էթիկական ընտրության բանաձեւերը եւ նրա պոեզիան տոգորում հեռացումի ու ընդվզման դեգերուններով։ Փոխվում են բառերը, փոխվում են դարերը, թախծի շիթեր են իջնում երազի վրա եւ խռոված հոգու հուշերն արձագանքում են զղջումի ու ապաշխարանքի հոռետեսական անդարձությունը.

Իջավ երկինքը, կապույտը դարձավ անօդ մի տարածք,-
եւ քարի ներսում ծաղիկը հանգավ՝ թեւը չբացած,
եւ առուն եղավ սովորական վազք ջրիկ ու անջինջ,
եւ աստղից ընկած արցունքի խորքում շողը թալկացավ,
եւ իմ արյունով ծիլվորած տողը ես դեն նետեցի։
Ես՝ բիրտ ու սնանկ, ես՝ զավակ ցավի ու խոր տրտմության,-
օրվա աչքի մեջ չծաղկեց հոգուս ճախրանքը անզուսպ,
շուրթերս թողի սանձը կոխկրտած ձիու ոտքերին,
սատանան սիրո օրոցքում դրել՝ ինձ մահ է շրշում,
անցնելիք բոլոր ճամփեքիս վրա ականված եմ ես։
Վերցրեք ձեռքերս ու մաս-մաս արեք-գրկել են մեղքը,-
իմ սեւ ծննդի համար Աստված էլ ներում է հայցում,
քարն էլ թաղեցեք՝ որին իմ սրտից արյուն է կաթել,
մարդկանցից հեռու, աղբանոցի մեջ վառեք երգերս,
ապաշխարեցեք, եթե Երբեւէ բարեւել եք ինձ։


Ո՞վ եմ վերջապես... Հարցը փիլիսոփայական լուծում է գտնում հուշերի յուրօրինակ վերադարձի մեջ. կա գոյության եւ ստեղծումի տիեզերական մի խորհուրդ, որ կոչվում է կյանք, որ դրված է հողեղեն կերտվածքի