Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Դե հա՜լբաթ,— ավելացրեց Խոլերան,— զակոնն ո՜ւրիշ ա, իրավունքն՝ ուրիշ…

- Յանի ա՛յ Գիգոլ,— ասաց տանտերս,— արի ու դրուստն ասա… էդ սլին-խրե՞նն ա քեզ ստիպում, թե՞ նրանից ավելի… ընենց էլի՛… հը՞, դո՜ւ ըլես էն ս. Գևորգը…

- Ուրիշ ի՞նչ պիտի ըլի…— ասաց խստությամբ ստարշինան,— ասի քեզ, որ զակոնն ըտենց ա հմի… իզուր խո չի՞, որ ինձ ստարշինա են արել, վոլոստնի ստարշինա[1]… ես պիտի զակոնը պահեմ…

–Չէ՜, չէ՜, դու էն ասա, յանի՜ ըստի խո Գրիգորի, էն չոլախ քաֆթառի մատը խառը չի՞… Հը՞… ընենց, ուզում ա Սիսակին ռադ անի, նրա աշխատանքն ուրանա, իր խոստմունքը մոռանա… կըլի որ ուրիշ փեսացու էլ գտած ըլի…

Ստարշինան մի ումպով դատարկեց բաժակը, երևի վայրկենական շփոթությունը ծածկելու համար․ հետո աչքերը ճպճպացրեց ու ասաց.

- Չէ՜, Գրիգորը ըստի գործ չունի… ինձի՜ ինչ, որ աղջիկը էլ Սիսակին չի ուզում տա… աղջիկն իմը խո չի՞…

- Այո, բայց մի ամբողջ տարի, որ Սիսակին բանեցրել է խաբելով՝ թե աղջիկը նրան կտա, տնփեսա կշինի…

- Է՜հ դու էլ, պ. Երվանդ,— ասաց քյոխվեն,— ի՞նչ ես Սիսակին ականջ դնում։

- Լավ ա՜, հերիք ա…— վեր կացավ սեղանից ստարշինան և ինձ դարձավ.

- Շնորհակա՛լ ենք, ախպեր… Ա՛յ ադա, դուք էս ի՞նչ տեսակ մարդիկ եք. եկանք, որ աղբյուրի գործը դրստենք ու չթողեցիք էլ… մարդու հացը կերանք…

- Ոչի՞նչ,— միջամտեց քյոխվեն,— պարոնը մե՜րն ա, յո՛լա կտանենք։

- Չէ՜, էդ իմ գործն ա,— ասաց ստարշինան,— ես ու պ. Երվանդը հմի քիչ բաղը կերթանք. ծառերը, յաշչիկները կտեսնանք ու ընտեղ էլ բանը կվերջացնենք… Հը՞, պարոն, ըտենց չի՞…

Լավ,— ասացի ես ժպտալով։

- Դե՜, խա՜լխը, դուք գեղամեջ գնացեք․ ես էլ վերջացնեմ ու մեկ կես սհաթից կգամ… Ադա Սրապիո՜ն, դու էլ գնա Մաթոյին ասա, որ շան որդին դուքանների առաջը գա իմ հրամանին, թե չէ կերթամ ղամչիովս

  1. շրջանակ տանուտեր