Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օր ա բահը ուսին, մեշի կողմն ա գնում. երեկ էլ սելն էր լծել՝ գնում․ հարցրի, ասավ խվարոստ[1] ա բերելու։

- Փի՜ե…- արեց երեցփոխը,- կիրակի օրո՞վ .. բալքի Շորագյալ[2] ա գնացել․․․

Այստեղ խոսակցությունը փոխվեց, և Թևոսը մոռացվեց։ Գործերի տաք ժամանակներն էին. աշնանացանը մոտենում էր, ամեն ոք իր ցավն ուներ։

Իսկ Թևոսը ոչ այդ օրը և ոչ էլ հետևյալ շաբաթ ամբողջ՝ գյուղում չերևաց։

Ոմանք ասում էին, թե անտառում փայտ է կտրում, շատերը՝ թե Շորագյալ գնացած կլինի կամ ցորեն և կամ պտուղներ բերելու, որ ծախի՝ մի բան աշխատի։

Մեկն էլ պատմեց ինձ, որ հենց ե՛րեկ գյուղն էր եկել Թևոսը, չութը լծել եզներին ու գնացել էր դեպի անտառը։

Իսկ թե ինչո՞ւ — ոչ ոք չգիտեր։ Ոչ ոք էլ չէր հետաքրքրվում։ Աշնանացան էր. ո՞վ իմանա, գուցե Թևոսն իր հողը վարելու էր գնացել։

3

Հոփարցի կոչվող փոքրիկ գյուղի մոտ, Դուզանի հողերին կից չորս-հինգ օրավարի չափ քարոտ մի տարծություն կար, որ ցանցառ թփիկներով միանում էր անտառին։

Արքունի սեփականություն էր այդ, սակայն գյուղացիք, որ մի առանձին հաճույք են զգում այդպիսի հողերից որևէ կերպ օգտվել, արժան իսկ չէին համարում այդ կտորին ձեռք տալ, որովհետև ծայրից ծայր քարերի մի հոսանք ծածկել էր նրան։ Տավարներն անգամ չէին մտնում այնտեղ։ Փուշ, տատասկ՝ որքան կուզեք։

Մի քանի օրից ի վեր, սակայն, հոփարցիներն ապշելով նկատում էին, որ մի ինչ-որ գյուղացի, սայլը լծած, անտառից ելնելով, գալիս կանգ էր առնում այդ հողի ծայրին, եզները բաց թողնում, իսկ ինքը, հողի վերին ծայրիցն սկսած, ձեռնարկում էր մի առ մի ժողովել քարերը, գեղ առ գեղ կիտել, փուշ ու տատասկ էլ պոկել ու եզերքներին շարել։

Սոսկալի, «անմիտ» աշխատանք էր սկսել «խենթ» գյուղացին։

  1. Երկար ճյուղեր՝ ցանկապատ շինելու
  2. Շիրակ