Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոշաների այդ ցեղը Էրզրում էր գաղթել և մի ամառ լեռներում վրաններ էր խփել, մի գիշեր հայտնվել էր Մարգոն մռայլ և տխուր։ Ոչ ոք նրան բան չէր հարցրել, ամենքը նրան ընդունել էին մի առանձին խոնարհ հարգանքով և թողել, որ նա իր ուզածն աներ։

Ու Մարգոն այժմ ահա, երբ երեկոյան այդ լուսնկային պարում էին իր ցեղակից հարսները, նստած էր կանանց մեջ լուռ և խոնարհ, գլուխը ծնկան և աչքերը կրակին։

Եվ անցնում էր նա իր հին հիշողություններին։ Հիշում էր, թև ինչպես ինքն էլ մի ժամանակ պարում էր զվարթությամբ այդ պարը, և ոչ ոք չէր կարողանում նրա նման հիացում ազդել․ հիշում էր, որ տղամարդկանց խելքերը գնում էին, երբ նա կարմրած ու բոցափայլ աչքերով, իր վայելուչ, երկար ու ճկուն հասակը ոլորտելով, սեթևեթ և գրգռիչ շարժումներով սահում էր գետնի վրայով, նազանքներով աչքերը ոլորում, դյութիչ ժպիտով շուրջը կախարդում և ապա հպարտ՝ իր սփռած հիացումով, գնում էր նստելու կանանց մեջ՝ տղամարդկանց աչքը միշտ իր վրա։ Հիշում էր, թե ինչպես բոլորը նախանձում էին Արթենին, որ այդպես քաջ, գեղեցիկ և համեստ կին ունի…

Իսկ ա՞յժմ․ ի՞նչ էր նա։ Գեղեցկությունից միայն աչքերն էին մնացել, որ այլևս չէին բոցավառվում, այլ լի էին մռայլ ու տխրություն սփռող խոհերով․ հասակը նույնն էր, բայց այլևս ո՛չ գողտրիկ, ո՛չ այնքան վայելուչ, և դեմքի վրա, կիզացած, այրված կաշին խորշոմել էր, կնճիռներ կազմել, այտերը փոս ընկել, շրթունքները դառն արտահայտություն ստացել և սիրտը՝ մի ժամանակ այնքան զվարճություն, այնքան հրապույր սփռող սիրտը, այժմ ճնշված, դառնությամբ լի էր և վիրալից…

Օ՜հ, նա կկենդանանար նորից, կվերստանար իր գեղեցկությանը, իր հրապույրը․ հասակը անշուշտ կուղղվեր, դեմքը կփափկանար, աչքերը կբոցավառվեին նորից, եթե միայն գտներ իրեն այդ դրության մեջ ձգողին և վաղուցվանից պատրաստած սուր դաշույնը մխեր նրա կուրծքը, տեսներ նրա արյունի հոսելը, տեսներ նրա տանջվելը իր ոտքերի տակ և այդ բոլորով սրբեր իր հոր օջախը, իր զավակների անվան վրա ծանրացող անպատվությունը։ Ոչ ոք, իհարկե, նրան անպատիվ, արատավորված չէր համարում. ամենքը գիտեին, որ նա բռնության զոհ էր։

Բայց ի՞նքը—ինքը՝ ոչ։ Ինքն իրեն անպատված էր զգում և անպատվողի արյունը միայն կարող էր սրբել արատը, մաքրել, նորից կյանք տալ զոհին…

…Եվ երբ սկսեցին երգել, Մարգոն հիշեց, որ ինքն էլ երգում էր այդ, մասնակցում նրան, որ ինքն էլ իր քաղցրիկ ձայնով հրապուրում