Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Վիշա՛պ է այն, եղբայրնե՛ր, ասում եմ ձեզ: Քանդեցեք ակունքը և կտեսնեք. հետազոտեցեք, խորքերը մտեք և պիտի հասկանաք… Ծնվել է նա, կարճամի՛տ եղբայրնե՛ր, և ծնվել է մե՛ր միջից, մեզնից է ծնվել…

— Մեզնի՞ց է ծնվել,– գոչեց գյուղի իշխանը բարկացած,– ասում ես մեզնի՞ց: Խե՛նթ, ասա տեսնե՞նք, մի հիմարություն էլ ասա և հայտնիր մեզ, թե ի՞նչ կին է այն, որ վիշապ է ծնում. կամ որտեղի՞ց, ինչո՞վ ծնավ նա:

Ու ծիծաղում էին, որովհետև ո՛չ ոք չէր լսել, որ մարդկանցից կարող էր վիշապ ծնվել և այդ վիշապը, մի ամբողջ գետ կլանելուց հետո, կարող էր ելնել ու մարդկանց արյունը խմելու գալ:

— Խոսի՛ր,— գոչեցին գյուղացիք խենթին,— տեսնե՛նք, գուցե քո՛ մայրն է ծնել այդ երևակայական վիշապին, եթե միայն նրան ծնողը քո հիվանդ ուղեղը չէ: Խոսի՛ր, ի՞նչից է ծնվել նա:

— Ձեր քրտինքից…— ասաց խենթը և այնուհետև այլևս չխոսեց:

Եվ ինչո՞ւ խոսեր: Միմյանց ետևից միայն այլանդակություններ էր ասում: «Քրտինքից ծնված վիշա՜պ»: Դա մի այնպիսի խենթ միտք էր, որ հավերի՛ ծիծաղն անգամ կշարժեր, ի՜նչ մնաց խելքը գլխին, փորձառու, շատ բան տեսած գյուղացիների և պատկառելի իշխանների:

2

Ահա այդպես էր, որ վիշապի գոյության միտքը ծագեց մարդկանց մեջ:

Թեև գետն արդեն կես էր եղել և սպառնում էր շուտով մի առվակ դառնալու, սակայն գյուղացիք շարունակեցին ծիծաղել երևակայական վիշապի վրա է ջրի նվազելը համարում էին որևէ բնական պատճառի արդյունք:

Բայց «խենթը մի քար գլորեց, հազար խելոք չկարողացան հանել»: Այդպես էլ եղավ: Վիշապի գոյության գաղափարը, որքան և խելոք մարդիկ ծաղրեցին նրան, համակեց ժողովրդի «պակասամիտ» դասի միտքը: Տարիներ հետո, երբ մեծ գետն այլևս չնչին առվակ էր դարձել, երբ ծաղկած քաղաքի նմանող գյուղը կես էր դարձել և գեղածիծաղ այգիները, դաշտերն ու մարգերը չորացել էին, գտնվում էին դեռ «խենթանման մարդիկ», որոնք ջրի պակասելու և ոչնչանալու մեջ հանցավորը համարում էին վիշապին: Քիչ էր գտնվում, իրավ է, բայց կար: Որևէ գաղափար շուտ չի մտնում ամբոխի մեջ. բայց երբ մտնում է, շուտ չի դուրս գալիս: Գտնվեցին մարդիկ, որոնք վերջիվերջո վճռեցին գնալ դեպի ակունքը,