փորել, խորը մտնել, ստուգել վիշապի գոյությունը և եթե կար` սպանել ու մեռնող երկիրը կենդանացնել, նրա անցյալ եռուն կյանքը վերականգնել: Իսկ խենթը, որը դեռ կենդանի է, որ դեռ պնդում է վիշապի գոյության մասին, հանձն առավ նրանց գլուխն անցնել և հարստահարողի դեմ կռվի գնալ:
Ամբողջ գյուղը հետևեց նրան: Ոմանք` որովհետև գնացողների հայրերը կամ եղբայրներն էին, և շատերը` որովհետև այդ հետազոտությունը հետաքրքիր էր:
Եվ գնացին որոնողները, քայլեցին երկար, օրերով ու շաբաթներով, հասան ջրի գլխավոր ակունքին` այն խոժոռ լեռների և մեծ ժայռերի ստորոտը: Հետո բահերն ու բրիչները ցած դրին, նստեցին ծրագիր կազմելու…
Երբ խենթը տեսավ, որ մարդիկ նստում են ծրագիր կազմելու, կանգնեց նրանց մեջ և ասաց.
- Օ՛, ո՛չ, եղբայրնե՜ր, մի նստեք հանգստանալու, քանի դեռ վիշապը կենդանի է. մի՛ ժողովվեք երկար` ծրագիրներ կազմելու համար: Հարցը շա՛տ պարզ է: Ծնվել է վիշապը, որ կլանում է մեր ջուրը և մեզ թողնում է ծարավ: Պիտի պեղե՛լ նրա եղած տեղը և նրա գլուխը պիտի ջախջախել: Սրանից պարզ ու կտրուկ միջոց չկա: Ոտքի՛ ելեք և գործը սկսենք:
— Բայց չէ՞ որ,— ասաց մեկը,— հարկավոր է հաշվի առնել նաև մեր ուժերը, տեսնել, թե կարո՞ղ ենք ջախջախել վիշապին: Գուցե նա շա՛տ մեծ է և զորեղ և կարող է մեզ բոլորիս կլանել:
— Այո՛,— ասաց խենթը,- երբ նա նո՛ր էր ծնվել, սպանելը շա՛տ ավելի հեշտ էր: Բայց ահա երկա՛ր ապրեց և գիրացավ մեր ջրով: Այժմ նրա ստամոքսն ավելի մեծ, կլանող բերանն ավելի լայն է դարձել, շատ դժվար է ոչնչացնել նրան` առանց զոհեր տալու, առանց արյուն թափելու:
— Տեսնո՞ւմ ես,— խոսեց մի գյուղացի,— ուրեմն մեզ ավելի երկար պետք է խորհել, ծրագիրներ կազմել և կռվելու պատրաստվել այդ հրեշի դեմ:
— Այո, բայց մինչ դուք կխորհեք ու ծրագիրներ կկազմեք, նա կզորեղանա, ամբողջ ջուրը կկլանի և մեզ բոլորիս ծարավ կթողնի: Նա աճում և զորեղանում է ժամ առ ժամ, նույնիսկ րոպե առ րոպե:
— Ի՜նչ արած,– առարկեցին շատերը,— պիտի խորհել, մտածել…
Ու շարունակեցին խորհել, մտածել:
Խենթը մնաց մենակ: Նրան չլսեցին, նրա շտապեցնելը ծիծաղելի գտան: