Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջապատող քարաժայռերի վրա, ճեղքում նրա կուրծքը, անցնում, պտույտ գործում խոժոռ ու կնճռոտ կույտերի միջոցով, իր սերնդյան նոր շառավիղներով ճգնում էր մի թիզ հող իսկ չթողնել անբնակ, մի քայլ իսկ չձգել անմշակ:

Ու անտառը շրջապատող կույտերը ճակատնին կնճռած՝ դիտում էին այդ, ատամ կրճտացնում նրա շարժուն, կենսունակ գոյության վրա:

Չոր, լերկ ապառաժներ էին դրանք: Ոչինչ չէր բուսնում այնտեղ՝ բացի մամուռից. ո՛չ մի թռչուն, ո՛չ մի արարած, բացի անարգ մողեսներից: Անձրևն ու արևը խանձում–մրկում էին նրա կողերը, քամին անարգել ծեծում–ջարդում գլուխները, և նրանց գոյությունը միմիայն անտառին էր օգտակար լինում՝ ստվերում էր, պահպանում դժնդակ ցրտից:

Այդպե՛ս էր բնության մեջ՝ երկրի այդ անկյունը:

Ժայռը զայրանում էր անտառի վրա, անշարժությունը ատամ էր կրճտացնում քայլող կյանքի դեմ. իսկ անտառը, այն հովասուն, շքեղ, սաղարթալից ծառերով անտառը աճում էր, ժպտում արևին, հրճվում իր կյանքով, մեծանում, խտանում, գնո՜ւմ էր գնո՜ւմ և ապառաժների դեմ կաղնիներ ցցում, նրանց ճեղքերում վարդ, ծաղիկ սփռում:


* * *

— Ծաղրո՛ւմ են մեզ դրանք…— մռնչաց վերջապես վիթխարի կատարը,— ծաղրում են. նրանց յուրաքանչյուր ժպիտը մեզ է հայհոյում:

— Ջարդե՛նք հանդուգններին,— գոռաց ժանգոտ ապառաժը,– ուզում են մեր սրտերը պատռելու ելնել:

— Գրավե՛նք հովիտը,— խորհուրդ տվին մամռոտ քարերը,— այնտեղ հողը փափուկ է, օդն ավելի մեղմ, ջրերն առատ…

Երկար վիճեցին, երկար սպառնացին, ճահճին՝ անտառը ողողելու հրավերը կարդացին, գազաններին՝ ծառերը ոչնչացնելու խորհուրդը ներշնչեցին:

Բայց անտառն այն շքեղ, ամեն առավոտ զարթնում էր մի նո՛ր, ավելցած ուժով, աճում էր-գնում բեղմնավորության հսկա քայլերով:

Այնտե՛ղ էր թռչունն իր երգը հնչեցնում, սոխակը լուսադեմին դայլայլով ողջունում, կենսապարար զովությունը՝ մեծ սաղարթների տակ անուշ, քաղցր բուրում, թավիշ մարգագետինը արևի տակ պսպղում:

Նո՛ւյնիսկ այնտեղ է՛ր, որ վտակները ժայռերից խուսափելով՝ հանգիստ էին որոնում, ուրախ-զվարթ խոխոջում, յուրաքանչյուր ծառի, ընձյուղի արմատը գգվում…