Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Այդ արդեն անտանելի էր քարաժայռերի դաժան կույտի համար: Ամեն ինչ՝ ծաղիկ, ջուր, նույնիսկ մողեսն ու մամուռ, կռանում էին դեպի անտառը. կարծես խուսափում էին ժայռերից, ուզում էին գնալ ապրելու թարմ կանաչներում, զով ստվերների, դալար ճյուղավորության տակ:

Վիթխարի կատարը դողում էր զայրույթից, ճահիճը մի կողմից ճգնում էր իր զազիր բորբոսը անտառին հասցնել, գազանները մի այլ կողմից փորձեցին նոր ընձյուղները տրորել, ջարդել…

Ու ամեն ինչ, ամեն անարգ ուժ ի մի գումարված՝ մտածեցին վերջապես կասեցնել շարժվող կյանքի ընթացքը։

Ու հաջողվեցան։

Ւնքը անտառը, իրերի բերմամբ, գուցեև իր չարաբախտ դիրքի պատճառով, և կամ, ո՞վ գիտե, տնավեր ներքին դավաճան երկպառակությամբ թուլացավ, ջլատվեց և ժայռ ու գազանի, ճահիճ, զեռունի կերակուր եղավ։

Եկավ աշնանային ժանգ սփռող եղանակը. բարձրացան խորշակներ, ժայռերը իրենց մեջ կուտակած ջրերը բաց թողին, գազանները կատաղի ուժով բանակ կազմեցին, ճահիճը մեծացավ, բորբոս-զեռունով մոտեցավ կյանքին…

Հետո, հովերը ծառերին միմյանց դեմ հանեցին, զարկին, ծեծեցին, ճյուղը ճյուղով ջարդեցին, արմատները բացին, թուլացրին, կաղնուն լորենու վրա տապալեցին, բոխին՝ հացենու տակը ճզմեցին…

Եվ երբ քարաժայռերը չար քրքիջներով այդ ավերը ողջունեցին, վիթխարի կամերը ցնցվեց, դարձավ լերկ ապառաժներին ու գոչեց ահեղ.

— Հառա՛ջ, ժամանակն է այժմ վերջ տալու այդ ատելի, շարժվող կյանքին…

Եվ ահա մեկեն դղրդաց գետինը, լեռ ու ապառաժ ցնցվեց-օրորվեց, քար ու քարաժայռ շարժվեց- տատանվեց, մեծ որոտումով ոստնեց, կատարը ծուխ-բոց արձակեց, մոխիր, խանձող ու այրող կրակ դուրս ժայթքեց և այդ բոլորը, ահավոր դանդաղությամբ, թանձր խավարի մեջ իջավ, անտառի վրա ընկավ, տակովն արավ ծառ ու ճյուղ, ծաղիկ և ընձյուղ: Ջարդեց, տրորեց, մրկեց ու ծածկեց նրան քարի կույտերի, փոշու, հողի, տիղմ ու ավազի մեջ…

Ցողունները ահաբեկ՝ փախան, հեռացան, ուրախ կարկաչով հոսող ջրերը կամ ցամաքեցման և կամ ճապաղ փախուստով՝ շտապեցին գետնի խորքը ապաստանել:

Այլևս ո՛չ մի ստվեր, զովությանը հաջորդեց չոր անապատը, քարոտ, ամայի, արևի տակ տառապող ամլությունը գրավեց ամբողջ հովիտը։

Լճակները հուզված՝ ջանացին կռիվ մղել, ծեծել հեռացնել գլորվող