Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5

Կլոր բլուրը, որ գտնվում էր անտառի մեջտեղը, մի լերկ տափարակ ուներ իր գագաթի վրա։ Այդտեղ էր, որ հավաքվել էր գայլերի Մեծ Խորհուրդը։

Մոտ հարյուր գայլ էին։ Ետևի ոտների վրա, դունչները ցցած, շրջանակաձև նստել էին, մեջտեղը մի մեծ կրկես բաց թողել և խորհում էին։

Մեկը միայն, որ նախագահ էր, մտել էր շրջանի մեջ, գնում էր, գալիս, երբեմն կանգ առնում, դունչը բարձրացնում ու մի երկար ոռնոց արձակում։ Հազիվ նա այդ վերջացնում էր, բոլորը միասին արձագանք էին տալիս նրան։

Ահա թե ինչումն էր բանը։ Նախագահը ճառախոսում էր գնալով–գալով և որովհետև, ըստ գայլերի, երևի շատ լավ էր խոսում, անդադար ծափահարում էին նրան, այսինքն՝ ոռնում էին։

— Քաջ գայլե՜ր, քաղաքացինե՜ր…

— Բրավո՜, բրավո՜..

— Այսօր մենք ժողովվել ենք մի մեծ, շատ մեծ գործի առիթով, որ մեր ընդհանուրիս շահերին է պատկանում…

— Ո՜ւ, ո՜ւ ո՜ւ…

—… Թշնամին մեր մեջն է, նա օձի պես սպրդել է, շան պես հաճելի լինելով, գրավել է մեր եղբայրներից մեկի, մանավանդ մի թույլ, ողորմելի կնոջ սիրտը…

- Ա օ՜ օ՜ օ՜…

—… Ցավալի է, որ մեր եղբայրները այսքան երկար ժամանակ նենգ օձին տաքացնում են իրենց ծոցում, մի օձի, որին արժե ուտել միայն, ուտե՛լ, այո՛… կտրտել և ուտել…

Այստեղ, անշուշտ, պատկառելի նախագահը ուզեց մի կատակաբանությամբ համեմել իր լուրջ ճառը, ուստի մի ժպիտ կազմեց դեմքի վրա և ավելացրեց.

—… Ուտե՜լ… իհարկե, այդպիսի համեղ պատա՜ռ, այդ անիծածների միսը շատ համով է լինում։

— Աո՜ւ, աո՜ւ, աո՜ւ…

Բոլորի բերնի ջրերը ծորալ սկսեց. ոչ ոք ծիծաղեց։ Ուտե՜լ, ա՜հ… Եվ ո՞ր գայլը այնուհետև կհակառակեր պատկառելի նախագահի այդպիսի համոզիչ ճարտարախոսությանը։

Երկար, բավական երկար խոսեց մի ճառ, որում նա գործադրեց ճարտարախոսության և հռետորության բոլոր ձևերը, տրամաբանական բոլոր օրենքները։ Օրինակ, երբ կամենում էր շեշտել մի խոսք, աոջևի