Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գազանապահը մաքրում էր նրան… Այդպես, գործածելու կերպարանք չուներ, կրակ էլ չկար, կարմիր չէր երկաթը, կայծեր չէր արձակում։

Զգույշ՝ ելավ առյուծը թփերի միջից, մի քանի քայլ առաջ գնաց, կանգնեց, նայել սկսեց։

Ձողի ներկայությունը, թեկուզ ոչ շիկացրած՝ նրան անհանգստացնում էր։ Չէ՞ որ թաքցրած էր, ընդմիշտ հեռացրած:

Գազանապահներն իսկույն նկատեցին, որ առյուծը կես սպառնագին, շատ զգուշավոր՝ զննում էր ձողը:

Ու սիրալիր ժպիտ դեմքերին՝ գլխավորը խոսեց.

— Ձո՞ղն է քեզ անհանգստացնում… Ւնչո՞ւ սակայն. եթե չարություն չանես՝ նա քեզ վնաս չի տա… Հանգի՛ստ եղիր դու…

Առյուծն ըստ երևույթին՝ քիչ միամտվեց ու գնաց ճաշելու։

Այստեղ մի երկրորդ փոփոխություն նրան խոր ազդեց։

Կերավ, ճշմարիտ է, դուրս բերած միսը… սակայն ինչ-որ հոտ էր բուրում, խիստ գարշելի հոտ. եղածն էլ՝ շատ քիչ:

Մռնչաց, թաթերով նետեց այս-այն կողմ… սակայն գազանապահ ու պահապան, ձողը բակի մեջ թողած՝ շտապել էին հեռանալ, այլևս չերևալ։

Առյուծը զայրացավ, դես ու դեն վազեց, կանչեց, բողոքեց… բայց մնաց անոթի։ Գնաց ջրի կողմը՝ գտավ առվակը պղտորած, ցեխախառն, աղտոտ… և լեղի։

Ու խորապես հուզված՝ մտածել սկսեց։

3

Այդպես, մի առ մի, անզգալի դարձնելու հոգատարությամբ՝ խլում էին նրանից այն բոլորը, ինչ որ զիջել էին՝ հսկայի կատաղությունից սարսափած։

Նախ՝ գավազաններն երևան եկան. հետո՝ ձողը, ապա՝ կերակուրը նախկինը դարձավ, հոտած արյունոտ… ջուրն էլ մի՛ կողմից. լեղի էր կտրել, հին խմած ջրից, ցեխոտ ու աղտոտ…

Եվ ի լրումն ամենայնի, մի օր էլ հանկարծ զարթնելով, տեսավ, որ բակից հեռացրած վանդակը իր տեղն էր եկել դարձյալ։

Սարսափահար մոտ գնաց, զննեց զգուշավոր, տեսավ, որ ձողերը փոխել էին, հաստակուռ դարձրել, վանդակն էլ հաստատուն՝ քարե հիմքի վրա դրել: