Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բուսած բռնակալի թևերի վրա։ Մեծանում էին, հրեշների կերպարանք ստանում, ֆշշում էին, սուլում, ահ-սարսափ սփռում։

Բռնակալն այնուհետև դարձավ անձեռնմխելի։ Ուսագլխերին կանգուն երկու թիկնապահները հսկում էին միշտ նրա մեծ անձը։

Այլևս ո՛չ ոքից նա վախ չունեցավ, ո՛չ էլ կասկածեց, որ երբևիցե կարող են նրան տապալել և կամ հրամանը ոտնակոխ անել։

Եվ այդպես էլ էր: Եթե կային դեռ ըմբոստ ոգիներ, վիշապների ծնունդը համրացրեց նրանց: Եթե կար դեռ հույս՝ անարգ լուծը թոթափելու, թիկնապահների ահը ջնջեց նրան էլ: Թշվառ ժողովուրդը կծկվեց, գալարվեց, սկսեց վարժվել ու հնազանդվել…

Բռնակալի անունը — զրույցը չէ ասում ինչո՞ւ— Զոհակ կնքեցին. Աժդահա Զոհակ:

3

Ժամ առ ժամ, րոպե առ րոպե վիշապները մեծացան, ժայռանման գլխի տեր դարձան, բերան՝ անդնդաչափ, ժանիքները՝ սուր, երկար ա կտրիչ. մարմինը՝ դալարուն, ճկուն և, որը սոսկալին է, խոշոր, շա՛տ խոշոր, անհագ ստամոքս։

Եվ ահա պետք եղավ նրանց կերակրել, որովհետև սպառնում էին բռնակալին. հոշոտել, ողջ արքունիքն ու դրանիկներին պատռել–կլանել:

Փորձեցին ամեն կերակուր՝ թե բուսեղեն, թե կենդանական։ Վիշապները բոլորը մերժեցին և միմիայն ուղեղ, ուղե՛ղ պահանջեցին։

Ուղեղներ՝ մարդկային թարմ, դեռևս բարախուն ուղեղներ էր պետք նրանց։ Առանց այդ սննդի ապրել չէին կարող։ Ուրիշ ոչինչ չէին ուտում, միմիայն ուղեղներ։

Եվ եթե մի օր նրանք ուղեղ չուտեին, պիտի դառնային՝ իրար հոշոտեին, բռնակալության գահը կործանեին։

Դրա համար էր ահա, որ կոհակն ու դրանիկները ամեն օր ուղեղ գտնելու հոգսի մեջ էին։

Դժվար ոչինչ չկար։ Երկիրը բազմամարդ էր, երիտասարդներով, թարմ ուղեղներով առատ։ Բռնել էին տալիս տասնով, հարյուրով, վիշապների առաջ գլուխները ջարդում, ուղեղները հանում և անհագ ստամոքսները լցնում— կշտացնում։

Այդպես էին իշխում ահա երկրին՝ Զոհակ բռնակալը և գահը ամրապնդող երկու թիկունքները՝ ահեղ օձերը։

Ժողովուրդը վիշապներին էլ անուններ տվավ։ Աջ թևի վրա բուսածին Բյուր կոչեց, ձախին՝ Բուր։ Թե ի՞նչ լեզվով է այդ– զե՞նտ կամ փեհլևի- գնա ու գիտցիր… ՝ա ու գիտցիր…