օր չէ՝ մի օր կարող էին լինել երկու օձերի և մի հրեշի ստրուկ-հպատակ:
Չէր իսկ մտածում, որ այսօր-վաղը հերթը իրենց էլ պիտի գար, սիրած զավակներին երկու վիշապների կեր պիտի տար, անտառը պիտի ողջ ամայանար, դարբնոցում կռանի ձայնը դադարեր, աշխատավորների զվարթ երգը լռեր և շուրջը ամբողջ ավեր, հրդեհ, աղեխարշ հառաչ սփռվեր, ստրկությունը գար-տիրապետեր։
Չէր իսկ մտածում, բայց Բյուր ու Բուրի գործակալների աչքից ոչինչ չէր վրիպում։ Հերթը անտառին էլ հասավ։ Ամառվա մի օր աղեղ որոնողների զինված մի մեծ խումբ անտառ մտավ և ամենից առաջ հենց Ֆրեյդունի դարբնոցի դիմաց կանգ առավ։
Ապշեց ծերունին, կռանը ցած նետեց, երբ Բյուրի և Բուրի պահանջը ասվեց, ահեղ Զոհակի հրամանը լսեց։
Հրամանը խիստ էր. խիստ էր և կտրուկ. Աշխատավորներն ևս իսկույն քսան մարդկային թարմ ուղեղ ունեցող գլուխ պիտի հանձնեին և ամենից առաջ իր՝ Ֆրեյդունի, անդրանիկ որդու գլուխը պիտի լիներ:
Կռանը ցած թողեց, գործակալների երեսին նայեց։
Ի՞նչ, ուրեմն ճի՞շտ էր։ Օձերն այն հրեշավոր՝ գոյությո՞ւն ունեին, երկիրն ուրեմն ամբողջ՝ թոհակ բռնակալի ճիրանի մե՞ջն էր և իր ու մյուսների որդիները պիտի տանեի՞ն, վիշապների առաջ նետեին, գանգե՞րը փշրեին, ուղեղներով նրանց ստամո՞քսը պարարտացնեին։
Գործակալները սակայն երկար չսպասեցին։ Ֆրեյդունի ավագ որդուն գետին տապալեցին ու շղթա զարկին։ Ապա դեսուդեն ընկան, ամենակտրիճ երիտասարդներից քսանը ընտրեցին, կապկպեցին. հետո, սուգ ու շիվանը հետքերի վրա՝ առին-գացին…
Առին-գնացին, բայց անտառի մեջ թե ի՞նչ թողեցին– դժվար չէ անշուշտ երևակայել։ Լաց, ողբ, աղաղակ, հուսահատություն հաջորդեց միմյանց: Այլևս չլսվեց մի զվարթ երգ այլևս ո՛չ մի կռանի հարվածին անտառը արձագանք չտվեց, կյանքը կանգ առավ: Մարդիկ միմյանց կորուստները նախ լացին, հետո Ֆրեյդունի շուրջը հավաքվեցին, խորհուրդներ հարցրին:
Բայց դարբինը վշտաբեկ, գլուխը խոնարհ, ապուշ հայացքով, բազուկները թույլ, ծնկները կթոտած՝ լուռ նստել էր իր հնոցի առաջ, մեծ սալի վրա։ Վեց որդիները ուժ չունեին ոչ արտասվելու, ոչ էլ կոծելու:
Փուքսը թոշնել էր, հնոցի մեջ կրակը հանգում, շեկ երկաթները սաոում-սևանում, այլևս ո՛չ մի կայծ այնտեղ չէր ցոլում, և մոխիրը նորակ ելնում էր, ելնում, կրակը ծածկում…