Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԽԵԼՈՔ ԱՔԱՂԱՂՆԵՐ
Ա

Չգիտեմ ինչպես և չծիծաղեք, դա մի մեծ հարց է - կոպիտ, հաստափոր, կլանող աղան ձեռք բերեց բազմաթիվ հավեր ու աքաղաղներ, մեծ բակի մեջ ցանկապատ քաշեց, հավային խոշոր մի գաղութ հիմնեց և բազմացնելով շահագործում էր նրանց։

Մարդիկ լավ գիտեն, թե հավն ու աքաղաղը ինչի են գործածում։ Պահում են, բազմացնում, կերակրում, գիրացնում ու մի գեղեցիկ օր մորթելուց եփում են, ուտում։

Սրանից սովորական բա՞ն։

Բայց մտեք մի քիչ էլ հավի դրության մեջ։ Երևակայեցեք, որ ձեր ընկերների հետ միասին հավաքել-լցրել են ձեզ մի մեծ շրջափակում, ցանցաձև պատերով պարփակել, երբեմն միայն թույլ են տալիս վազվզելու, խաղալու - այն էլ միայն գիրացնելու մտքով - և հետո, հանկարծ, ձեր աչքի առջև գալիս բռնում են ձեզնից մեկին, - ձեր մորը կամ քրոջը, սիրելուն կամ ընկերներին, քիչ հեռու, հենց ձեր քթի տակ՝ գետնովն տալիս, ոտները հավաքում, թևերը ծալում և փայլուն դանակը վզին շողացնում…

Եվ նա ճչում է, օգնություն կանչում, ձեզ է ձայն տալիս… իսկ արյունը շատրվանի պես դուրս է ցայտում նրա կտրած վզից, գետինը կարմրացնում. և գլուխը մարմնից բաժանված, շարժուն, հուսահատ արտևանունքով, փոշիների մեջ գլորվելով՝ գալիս ընկնում է առաջդ, մինչ նրա սիրելի մարմինը տապլտկում է իր արյան մեջ, ոստոստում, թփրտում, գալարվում է, կծկվում…

Այդ բոլորը տեսնում ես դու բակի մեջ կանգնած, վշտից քարացած, վախից դողալով, անկարող՝ նրան օգնելու, ճիչ արձակելու և գիտակից, որ մի օր էլ մյուս սիրելուդ, քրոջդ, բարեկամիդ են այդպես անելու, քեզ իսկ մորթելու …

Էլ ի՞նչ սիրտ կմնա քեզ մոտ, ի՞նչ քաղցր րոպե, ի՞նչ սեր, զգացմունք, եթե ոչ՝ միայն անեծք բնության դեմ, լուտանք ու կսկիծ, վիշտ բյուրեղացած, կիզիչ տառապանք։

Կարծում եք հավը կամ աքաղաղն այդպես չե՞ն զգում։ Իրավ է, գուցե լինեն հավեր - և շատ էլ կլինեն - որ սերնդից սերունդ տեսած լինելով այդ բոլորը՝ վարժվել են, մորթելն ու տանջանքը կյանքի մի պայմանը համարել և գուցե, երբ հերթը գա իրենց, գնան դանակի առաջ անմռունչ, խոնարհ, հպատակ ճակատագրին։