Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նորից երկրում է, նորից իր գյուղում, պարտեզի մեջ, կնոջ, որդիների մեջտեղ։

…Հանկարծ աղմուկը ընկնում է գյուղը։ Ցած է ձգում գդալը։ Մարիամը գունատ՝ վեր է թռչում, երեխայքը կպչում են մորը։ Ի՞նչ կա, ի՞նչ է եղել:

Ոչինչ. հարկահանն էր, գյուղ էր մտել, տուրք էր ժողովում և մտրակներով, սվիններով ժողովում…

է՛հ, այնուհետև էլ ի՞նչ կյանք, էլ ի՞նչ նշանակություն ունի այդ սիրուն երկրի տեսքը, կլկլացող առվակները. էլ ինչո՞ւ այդքան սքանչելի, անուշաբույր ծաղիկներ, էլ ինչո՞ւ զով քամին, պարարտ արտեր, գեր տավար… էլ ինչո՞ւ կին, որդիք… Չէ՞ որ այդ բոլորը վերցնում, ապականում, կոխոտում, պղծում, քանդում են հարկահանները, վաշխառուները, քրդերը, աղաները…

էլ ինչո՞ւ այդ բնությունը, երբ նրա վայելողները իրենք չեն, այլ այնպիսիները, որոնք ո՛չ աշխատում են, ո՛չ գործում, ո՛չ նրա հարգը դիտեն և գալիս հափշտակում են, պղծում ու ավերում…

էլ ինչո՞ւ պարտեզ մշակել, երթ նրա արդյունքը հարկահանի կոկորդն է անցնում. ինչո՞ւ արտ ցանել, երբ նրա ցորենը շահնայի գրպանն է ուռեցնում, ինչո՞ւ մարգագետինը խնամել, երբ նրա խոտը տուրքի է գնում, իսկ կովն ու տավարը քրդի խնջույքին ծառայում։ Ինչու ուրեմն տունուտեղ շինել, երբ նրանք մի խումբ կանոնավոր կամ անկանոն հաճույքները լուսավորելու համար այրվելու էին։ ինչո՞ւ, մի խոսքով, աշխատել ու տքնել, երբ ոչ աշխատանքիցդ մասն ունիս և ոչ էլ քրտինքիդ տերն ես… Ինչո՞ւ ուրեմն աշխատել, ինչո՞ւ…

Էլ ի՞նչն է կապում իրեն այդ բնության, այդ երկրի հետ։ Հո՞ղը, չէ որ չեն թողնում նրան առանց պղծելու. օջա՞խը, չէ՞ որ բոլորի կրակը մարեցին՝ տավա՞րը, չէ՞ որ նրա կաթն էր իր բերանը մտնում և ոչ էլ կարողանում էր խնամքների փոխարենը ստանալ. եկեղեցի՞ն. մնա՞ց մի եկեղեցի, որ չքանդվեր։ Ի՞նչը ուրեմն, կի՞նը, որդի՞քը… Ի՞նչպեա իմանար, որ մինչև այժմ իր կնոջը չեն բռնաբարել, չեն առևանգել և որդոց գլուխները ջախջախել՝ քարերի խփելով…

Ի՞նչն էր կապում նրան ուրեմն այդ երկրի հետ… Ինքն էլ չգիտեր։ Մի բան քաշում էր նրան այնտեղ, թեկուզ ոչ մի սեփականություն չունենար, թեկուզ իր գլխին կանգնած՝ խփեին ու ձեռքիցն առնեին իր յուրաքանչյուր րոպեի վաստակը…

Բայց նա կուզեր իր հայրենի երկրի մեջ գտնվել, իր դաշտի ջուրը խմել, իր պարտեզի ծաղիկները հոտոտել, իր լեռների խոտերով կերակրվել, իր կնոջ ու որդիների հետ տանջվել…