Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի ձայն, մի խոր, հոգու լարերը հնչեցնող, աղիքները գալարող, սիրտը արյունոտող ձայն կանչում էր նրան։ Երկիրը կանչում էր. երկրի ձայնը անընդհատ հնչում էր ականջին, ծովը, քամին, ծառը, բույսը, նույնիսկ սև փոշին բերում էր այդ ձայնը, մղում նրա հոգու ջղերի մեջ…

Այո, գնալ, գնալ այնտեղ, գնալ իր հողի վրա տանջվել, իր երկրի մեջ շնչել, այնտեղ մեռնել, միայն այնտեղ…

Վեր կացավ նորից: Քնել չէր հաջողվում նրան, քրտինքը ծորում էր, ծորում, և նա, աչքը ծովին, ալիքներն էր դիտում, ականջը ձայնին պարզում, երկրի քաղցր գրավող, կոչող ձայնին…

Տանջվե՞լ… Այո, իհարկե, այնտեղ տանջանք կա։ Բայց մի թե այստեղ սակավ էր տանջվում։ Սև փոշու մեջ կրում է, կրում. կեսորին տաք արևի տակ մի կտոր ցամաք հաց ուժով մղում-անց է կացնում չորացած կոկորդը, երեկոյան մի աման կեղտոտ ու անհամ կերակուր ուտում սև և մութ սրճատանը, մենակ, տխուր՝ պառկում է հոտած օդի մեջ, հիվանդություն և ախտ շնչում…

Աշխատածը ի՞նչ է. մի քիչ փող. դրանով ոչ միայն վեց ամիս կրած հիվանդության ժամանակվա պարտքը պիտի վճարել, այլև ուղարկել երկիր՝ վաշխառուին մեղմացնելու, ընտանիքին հաց տալու…

Տանջվել, այո՛, կնոջ ու որդոց կարոտը քաշել… Ի՞նչ էր շահել այստեղ. չէ՞ որ երկու տարի շարունակ տանջվել էր, ուրիշների գրպանը լցրել, իսկ ինքը մաշվել էր, տքնել, ոչ կանոնավոր կերել և ոչ էլ խմել:

ինչո՞ւ այս բոլորը, ինչո՞ւ դատապարտված լինել միշտ տանջվելու. մի՞թե, իրենց վիճակված է այդ. բայց ինչո՞ւ, ի՞նչ մեղք են գործել, որին զրկել, որի հացը կտրել, ո՞ւմ կողոպտել…

Ա՛հ, կողոպտե՞լ, գողանա՞լ… Չէ՞ որ միմիայն կողոպտող, զրկող և գողացողներն են, որ կարողանում են ապրել, հարստանալ, առանց տանջանքի կյանք վարել և իրենց պես հարյուրավոր թշվառների բանեցնել փոշիների մեջ…

Չլինե՞լ արդյոք այդպես. կողոպտել, զրկել, զոհերի ճիչը երկինք հասցնել, չարագործության սյուների վրա պալատներ կանգնեցնել։

Ո՞չ, ամեն մարդու բանը չէ այդ. դա մի առանձին արհեստ է, կաթի հետ ծծվող ու հոգու հետ ելնող արհեստ… Իսկ իրենք՝ նա և իր նմանները, դատապարտված են նրանց զոհը դառնալու, նրանց երջանկության հիմքը կազմելու…

Պառկեց նորից։ Աչքերը փակվում էին. ա՜խ, եթե կարողանար մի րոպե քնել, մոռանալ բոլորը։ Բայց արևը տաքացնում էր նրա գլուխը և քնելը անհնար դարձնում։ նեղվում էր, անախորժ քրտինքով ծածկվում…