Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտքի հետ և հաշտվի ճակատագրի հետ… այո՛, երկուսից մեկը: Երբեմն, ուզում եմ, կամենում եմ նորից սիրել նրան, բայց չեմ կարողանում, սառնություն եմ զգում դեպի նա… կարծես կշտացել եմ նրանից ու չգիտեմ, գուցե մի տարի այստեղ մնալուց հետո սկսեմ սիրել նրան. սիրելու տղա, սիրուն, ազնիվ, զարգացած… միայն թե շատ հաճախ է խոսում իր զգացմունքների մասին… ձանձրացնում է. վախենում եմ, որ այդպիսով լիովին արգելք լինի ինձ վերստին սիրելու իրեն։ Մնում է շատ սակավ գրել նրան և սառը գրել… այո՛, այդպես պիտի անել։

— Իսկ եթե ուղղակի, կտրուկ կերպով մերժեք նրան,— դիտեցի ես,— դա չի սպանիլ նրան, սպանում է անորոշությունը, իմ կարծիքով։

— է՜հ,— պատասխանեց Աննան արհամարհանքով,— այդ ճիշտ չէ. մարդս գերադասում է ավելի անորոշության մեջ մնալ այդպիսի դեպքերում։ Ճիշտ է, որ քանի անորոշության մեջ է, ձգտում է որոշության մեջ մտնելու և, տանջվում է առաջին դրությունից, բայց երբ ամեն ինչ որոշվում է և այդ որոշությունը նրա համար աննպաստ է լինում, այն ժամանակ նա հազար անգամ երանի է տալիս իր նախկին անորոշ դրությանը, ուր նա գոնե հույս կարող էր տածել… նույնիսկ եթե այդ հույսը հավիտենապես միմիայն հույս մնար… այո՛, հույսն է, հույսը միայն, որ այս կյանքը մեզ փոքր-ինչ տանելի է անում։

Պահ մի լռեցինք երկուսս էլ. նա դիտողությամբ գլուխը ձեռքին կռթնեցրած, նայում էր ճրագին։

Քիչ լռությունից հետո վստահությամբ և մեղմ ձայնով հարեցի. իմ կարծիքով երբ այլևս չես սիրում մեկին, պիտի հայտնել: Ինչո՞վ մեղավոր ես, եթե այլևս չես սիրում նրան…

— Դու ինձ չես հասկանում,— գոչեց Աննան նեղացած ձայնով,— Կոլյան գիտե, որ ես իրան չեմ ատում, որ ես կուզեի սիրել իրան, բայց ես ինքս տեսնում եմ, որ նրան սիրելու զգացմունք չկա իմ մեջ այլևս… ապագայում՝ չգիտեմ. գիտեմ միայն, որ նա ինձ գժի պես է սիրում… մի քայլ չէ ուզում անել առանց ինձ… նրան ասել, որ ոչ միայն հույսը կտրի, որ իրան սիրելու եմ, այլև, որ ուրիշին եմ սիրում… ո՛չ, հազար անգամ ոչ, նա չի դիմանալ դրան, իսկույն, կմեռնի… թոքախտը վաղուց է, որ պակասեցնում է նրա օրերը…

3

— Թոքախտը վաղուց է, որ կրծում է նրա օրերը,– ասաց Աննան տխուր, խորապես մելամաղձոտ շեշտով:

Հուզվեցի։ Թոքախտավորը մի այնպիսի պատկառելի դժբախատ է, որին պարտավոր են խնայել բոլորը: Ընկածին այլևս չեն զարնում: