Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տեսնես ինչ յուղով կլինի շինած,– ասաց նա մեկեն,- կարագո՞վ:

— Գժվե՞լ ես,— պատասխանեք Շիրինը,– կարագ յուղով էլ հա՞ց կթխեն… դմակ յուղով կլինի։

Եվ լռեցին։ Շոգը սաստիկ էր. անցուդարձը դադարել էր. երբեմե միայն ցածի փողոցից երևում էին եզան սայլեր։

— Մեր երկրում այդպես բաներ չեն թխում,— ասաց նորից Մահմեդը։

— Այո՛, բայց ուրիշ ավելի լավ քաղցրեղեններ կան. միտդ չէ՞, թե Նովրուզի օրը ինչեր չեն լցնում խանութներում. փախլավանե՜ր, ինչ լոխումնե՜ր։

— Բայց մենք, գյուղացիներս, խո այդպես բաների համը չենք առնում. դրանք քաղաքացոց համար են։

Շիրինը քիչ լռեց, հետո մեկենիմեկ ասաց.

— Իսկապես, Մահմեդ,— կուզե՞ս մի հատ առնենք։

— Չէ, չէ– շտապեց պատասխանել Մահմեդը,– օրական 45 կոպեկ աշխատանք անենք, գիժ խո չե՞մ, որ 5 կոպեկ փողը մի բրտուճ հացի տամ… բաս պարտքե՞րս ով տա, որդիների՞ս ով կերակրի։

Լռեցին։ Մահմեդի տրամաբանությունը էլ առարկություն վերցնել չէր կարող ըստ երևույթին։

Կերան ինչ որ կար։ Շիրինը թաշկինակն թոթափեց, կոխեց ծոցը: Կռանն առավ ու ասաց.

— Դե՜հ, վերջացնենք, քիչ մնաց։

Հաց ծախողը երևի ուրիշ կողմով էր դուրս գնացել աստիճանավորի տնից և կամ թե հենց նրա տակի մառանումն էր բնակվում։ Երեկ ես նկատել էի, որ այդ մառանում կանայք և մանուկներ կային։

— Երևի լավ առևտուր ունի… հը՞, Շիրին,— հարցրեց դարձյալ Մահմեդը։

— Իհարկե, հատը 5 կոպեկով, որ օրական 20 հատ ծախե, այդ քեզ մի ռուբլի, քի՞չ փող է։

— Լավ աշխատանք է, աստված վկա… մեր մի երկու օրվա աշխատանքը։

Այդ միջոցին բարեկամիս ծառան դուրս եկավ պատշգամբ և ասաց ինձ.

— Աղա, խորովածը պատրաստվեց, համեցեք։

— Երանի այդ հարուստներին,— ասում էր ցածում Մահմեդը,– այդպես լավ հացեր են ուտում միշտ…

— Ու այսպես էլ արևի տակ չեն այրվում…— ավելացրեց դառնությամբ Շիրինը և սրբեց ճակատի ծորող քրտինքը։