Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ծանր քայլերով հեռանում է։

Դուրս եմ գնում ես էլ։ Փողոցում սկսում են երևալ դեպի եկեղեցին իջնող կանանց, տղամարդկանց և մանուկների խմբեր, որոնք միմյանց ետևից, շարքով անցնում են նեղ կածանով՝ կծկված ու քչփչալով։ Մանուկներն իրար ձյուն են նետում, սահում են, վազվզում, գոռգոռում… Ու նրանց ստվերները կարճ գծվում է զառիվայրի շողշողան ձյունի վրա։

Եվ ժամկոչ Սախակի կոչնակի ձայնը իր վերջին տըլընգ-տըլընգն արձակելով իջնում է դեպի Հունկույսների ձորակը, ուր գնում են ձորագլխի վրա միմյանց միացող ժամկոչները։

Ձորի խորքից խո՜ւլ կերպով լսվում է այժմ եկեղեցու տանիքի վրա դրված երկրորդ մեծ կոչնակի ձայնը, որ իր կողմից արձագանք է սփռում ձորակի մեջ և դղրդեցնում Զըմփ-զըմփ մաղարայի լեռը…


* * * 

Այդ բոլորը հիշում եմ մի առ մի, ամենափոքր մանրամասնությամբ։ Հիշում եմ ապա փոքրիկ կամուրջը, որ ձգված է ձորակի գետի վրա, հետո՝ եկեղեցու բարդիները, պուրակը, կից պարտեզները, Զըմփ-զըմփ մաղարայի քարոտ լեռը՝ ճիշտ շենքի ետևում ցցված, եկեղեցու և դպրոցի պարսպապատ շենքը, վերի առուն՝ իր ուռենիների շարքերով…

Հիշում եմ եկեղեցու քարե դռնից սրթսրթալով ներս մտնող ժամվորներին, որոնք շրթունքները շարժելով աղոթք են մրմնջում և մտնելուց առաջ քարե շրջանակը համբուրում, հիշում եմ դռան առջևի առվից լվացվողներին, որոնք տանը չեն լվացվել և եկել են եկեղեցվո առվից լվացվելու և որոնք կարմիր թաշկինակներով երեսները սրբելուց հետո խաչակնքում են, ձեռքերի մեջ փչում և եկեղեցի մտնում…


* * * 

Ահա և եկեղեցին։

Մի մեծ շենք է. ցած ու մութ։ Լուսամուտները փոքր․ ջահերը վառված չեն, սեղանի վրա և տեղ-տեղ՝ պատկերների առաջ վառվող բարակ մոմերի լույսերը շատ նեղ շրջաններ են լուսավորում։ Դռնից նայողին ներկայանում է դեմ առ դեմ, հեռվում, մի մեծ բաց դռան ներսի կողմում՝ մատուռի լուսավորած ոսկեզօծ սեղանը։ Նրա դրսի կողքերում՝ երկու փոքրիկ սեղաններ, նույնպես սակավ լուսավորված։ Երկու մեծ սյուներ կազմում են դասը, որոնք և փայտյա վանդակորմով զատված են։ Սյուների կողքին են կանգնել քահանաները։ Դասերից սկսած դեպի