պարզվում են երկու անոճ, փայտյա սյուների շարքեր և ժողովրդի կանգնելու տեղը՝ մինչև դուռը։ Շենքի հատակը քարյա է, բայց ծածկված ամեն տեսակ հին ու նոր կարպետներով ու գորգերով։ Պատերը զարդարված են հնամաշ, սևացած, մոմի կաթվածքներով բծավորված, բոցերովը խանձված, երբեմն շատ տգեղ, հազիվ ուրեմն գեղեցիկ՝ զանազան պատկերներով։
Հատակից հետո, դռան գլխին է գտնվում կանանց բաժինը՝ երկհարկ լայն օթյակ, որ թառմա է կոչվում։ Եվ որպեսզի ցածում աղոթող տղամարդիկ կանանց դեմքերը չտեսնեն, թառման ունի առջևից մանր ծակերով տախտակորմ։ Թառմայի տակն է աղքատների կանգնելու տեղը, երեսփոխի մոմի սեղանը և կոշիկներ հանելու տեղը։
Ներս եմ մտնում այն ժամանակ, երբ դասից լսվում է
-Օրհնյալ տեր մեր Հիսուս…
Բայց հազիվ թե նա կմկմալով ուզում է շարունակել, որ եկեղեցու դան մոտ մի խլրտում է առաջանում։ Տեր Ստեփանն է։ Ներս է ընկնում, կոշիկները թևի տակից դուրս թողնում դեպի գետին, սլանում է դեպի մյուս դասը առանց փիլոնի, խլում է տեր Վարդանի բերանից աղոթքը և գոռում.
- Օրհնյա՛լ տեր մեր…
Եվ ահա հանդիսատես եմ մի տեսարանի, որի հիշողությունն իսկ ինձ ծիծաղեցնում է։
Տեսնում եմ կուզ տեր Վարդանին, որ հանկարծակիի եկած այդ հարձակումից, քարանում է։ Ստիպված էր լռել, որովհետև ձայնը շատ ցածր էր, արտասանությունը ծանր։ Ծերացել է տեր հայրը, խիստ ծերացել։ Լռում է և այլայլվում։ Տեր Հովսեփ ավագերեցից հետո ժամ օրհնելու իրավունքն իրենն էր. ոչինչ չէր կարող այնքան վիրավորել նրան, որքան գիժ տեր Ստեփանի այդ վարմունքը։
Տեր Ստեփանը գիժ է, մի խենթացած քահանա, որի հետ չգիտեն ինչպես վարվել, որտեղ ուղարկում են՝ փախչում է։ Մոլեգին սիրահար է ժամերգության, որ թողնեն, ամբողջ առավոտյան ժամերգությունը՝ քահանայի, դպիրների, փոխասացների բաժինները միմյանց ետևից կասի և դեռ էլի կուզենա ասել։ Ամբողջ օրը իր տան կտուրի վրա ճեմում է և զիլ ձայնովն ու ստեղի շարականներով ողողում փողոցը։
Բայց ահա տեսնում եմ տեր Վարդանին, որ ցցվում է, կարմրում և գոռում.
- Ադաբսըզ (անամոթ), չե՞ս ամաչում… էլի՞…
- Եվ թող մեզ զպարտիս մեր…– շարունակում է տեր Ստեփանը արագությամբ, գլուխը ցցած, հաղթական ժպիտը դեմքին։ Տեսնելով, որ