Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որին լսելով՝ կթրթռա սիրող սիրտը, կմարի: Որին լսելով կգժվի սիրող աղջիկը. կգժվի և դեպի սիրածը կսլանա:

Սքանչելի է նա, երգերի փառքն է նա:

Հրեշտակների մրմունջը, Հասոյի հոգին է նա:

* * *

Շարժվեցին ոչխարները, գլորվեցին շատերը:

Շարժվեց և Հասոն, կռացավ, տեսավ բացվածքը:

Հասկացավ ամեն ինչ, նայեց աղային:

Զգաց, որ Զալխեն կորած էր իր համար, ինքն էլ աշխարհի համար:

Շարժվեց Զալխեն էլ, նայեց աղային, նայեց Հասոյին:

Զգաց, որ Հասոն կորել էր իր համար, ինքն էլ աշխարհի համար:

Եվ լռեց ամեն ինչ…

«Լուր-դա-լուր»-ը դադարեց, նրա խաղի վերջին թրթռումը գնաց մեռնելու օդի մեջ…

Հետո… լսվեց մի ճիչ։

Ու երկու մարմիններ արագ պտույտ գործելով օդի մեջ, գնացին միասին ջախջախվելու անդունդի խորքում… և միմյանց գրկում։

Հասոն ու Զալխեն էին դրանք…


ԱՅԻՇԱ
(Պարսկական պոեմա)

Լսում են պատմիչին։ Կկզած, նստոտած զանազան անկյուններում ականջ են դնում։ Պատմիչը հուզված է։ Նստում է նա, կանգնում, բարձրացնում է ձեռքի փայտը։ Եվ նրա ձայնը դողդողում է, կերկերում։

Նա պատմում է.

«Պետք է որ գեղեցիկ լինի Մարգարեի դրախտը, — ասում է նա, — բայց գեղեցիկ է նաև Շիրազի հովիտը։

Որքա՜ն առատ են այնտեղ վարդի թփերը, նրանց շուրջը պտույտ գործող սոխակները. որքա՜ն քաղցր՝ նրանց դայլայլիկները։ Որքա՜ն սողոսկող վճիտ առվակներ կան այնտեղ. հովիտն ակոսող և խորհրդավոր միայնության մեջ ընկղմած բլրակները քանի՜–քանի շքեղ անկյուններ ունին…

Պարզվում է ահա լայն հովիտը, զարդարված երփներանգ ծաղիկներով,