Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հապա՛, Սա՛մ, ցատկի՛ր, բարձր…— ձայնում էր հայրը իր որդուն,— և շո՛ւտ…

Սամը ցատկում էր։ Երկու ոտները գետնից կտրում, մարմնին ծուռ դիրք էր տալիս ու մկանունքները ձգում։ Բայց որովհետև շատ գեր էր, իսկույն ցած էր գլորվում, կնձկնձում և դե՜հ… ծիծաղիր որքան կուզես։

Իսկ Սիդը՝ Սամի նիհար քույրը, երբ եղբայրն ընկնում էր, վազվզում էր նրա շուրջը և չարացնում նրան։

Առավոտներն առհասարակ, մի օր մայր-գայլը, իսկ մյուս օր հայրը, հերթով, գնում էին կերակուր որոնելու։ Փառք աստծո, շատ էլ դժվար չէր լինում աշխատանքը։ Ով գիտենա աշխատել, կարող է ուտելիք գտնել։ Գայլերի հասարակության մեջ, ի վնաս ուրիշների, հարստությունը դիզող և ոտները պարզած պորտաբուծություն անողներ չկային, այնպես որ զրկվող չէր լինում։ Շրջակայքում ագարակներ, անտառում որսեր շատ։ Հո՜փ… մի ուլ կամ մի գառ, մի ճագար կամ մի նապաստակ, և այդպես, մի քանի հատը բավական էր լինում ընտանիքի ամբողջ օրվա ապրուստի համար։ Ավելորդն ի՞նչ էին անելու, մի՞թե բավ չէր կուշտ լինել և պահանջներին գոհացում տալը։

Հայր-գայլը, ասենք, մի քիչ մեծ ստամոքս ուներ, բայց ավելի ուժեղ էլ էր ու ճարպիկ։ Կեսօրիներից հետո, երբ քաղցում էր, մի քանի ժամ դուրս էր գնում և թփերի տակ գտնում էր ուտելու բան։ Ձմեռը մոտ չէր դեռ, այնպես որ գայլի ընտանիքը երջանիկ օրեր էր անցկացնում խիտ անտառի խոր քարայրի մեջ։

Բայց այդօր, երբ ագարակի մանուկը մոտենում էր քարայրին, տանտեր Սարհոնը դեռ չէր վերադարձել կեսօրվա պտույտից, չնայելով, որ մութն իջնում էր անտառի մեջ։ Տիրուհին՝ Զեբը, անհանգիստ էր. շատ էլ ախորժակով չէր, որ դիտում էր փոքրիկների խաղերը։ Անհանգիստ, սպասող ակնարկներ էր ձգում քարայրի դռանը։

— Դե՛հ, քիչ հանդարտ, երեխայք,— ձայնեց նա վերջապես,— լռեցեք, տեսնենք հայրիկը չի՞ գալիս։

Սիդն ու Սամը վազեցին դեպի դուռը։

— Տեսնենք հայրիկը չի՞ գալիս,— ասաց Սիդը։

— Տեսնենք,— կրկնեց Սամը։

Ինչ ասել կուզի, որ վազելու մեջ Սամը ետ մնաց։ Ոչ միայն ետ մնաց, այլև երկու անգամ գլորվեց ու թողեց, որ քույրն առաջ անցնի։

Նրանք դուրս եկան քարայրից։

Սիդը թփերը դեն տվավ, վազեց մի մացառի միջից և դեմառդեմ գալով մանուկին, վախեցած կանգ առավ։

— Վա՛յ,— գոչեց նա,— մի գազան…