Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
* * *

Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։

Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։

Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։

Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։

Առյուծն այժմ գազանանոցում էր։

* * *

Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…

Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…

Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.

— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության…