Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

թույնը և երկար ուսումնասիրել-հետախուզելուց հետո եկել էր այն եզրակացության, թե քանի մարդուս գոյության վերջնական նպատակը անհայտ մնա, խուսափի մեր հասկացողությունից, այնքան կյանքը մնալու է միշտ այսպես դառն ու տանջալից։

Ինչո՞ւ ապրել, ինչո՞ւ ծնվել և ինչո՞ւ մեռնել. ի՞նչ էր այդ բոլորի նպատակը։ Ինչո՞ւ աշխարհի, տիեզերքի գոյությունը. դեպի ի՞նչ նպատակի էր ձգտում տիեզերային այն հորձանքը (tourbillon), որի յուրաքանչյուր հյուլեն ճախրում է, շարժվում անընդհատ, անհանդարտ և հավիտյան…

Ինչո՞ւ մարդուս — իրեն գոյությունը, մահն ու ձևափոխությունը: Այդ բոլորը ի՞նչ վերջնական նպատակի է ծառայում: Դեպի ո՞ւր է գնում՝ գոյության հորձանքը — այդ բազմակնճիռ, միմյանց արտադրող, միմյանց ոտնատակ անող ու կլանող, միմյանց ծնող ու մեռցնող օրգանական էությունը…

Այդ և այդպիսի այլ հարցեր տանջում էին իմաստունին, որովհետև ոչինչ չէր գտնում, ոչինչ չէր թափանցում։ Որքա՛ն աշխատում էր ինքնախաբեությամբ մտածել, որ այդ բոլորը այսինչ կամ այնինչ նպատակի համար էր, բայց երբ վերլուծում էր «այդինչ» կամ «այնինչ» նպատակը, գտնում էր, որ դրանք ոչ թե նպատակներ էին, այլ միջոցներ միայն՝ հասնելու դեպի մի անհայտ, խորհրդավոր ու անհասկանալի նպատակի. միջոցներ, որոնք երկար քննելուց հետո և ո՛չ իսկ գլխավոր էին թվում, այլ չնչին, հաճախ ստորացուցիչ և բուսական…

Ի՞նչ անել ուրեմն. չապրե՞լ: Բայց մի՞թե եթե մեռներ՝ պիտի հասկանար։ Ո՞վ կարող էր երաշխավորել, որ մեռնելուց հետո պիտի ունենար փնտրելու, խուզարկելու տենչանք կամ հոգեկան գոյություն, և կամ եթե նյութական մարմնից դուրս գնար, հոգեկան էությամբը, կարո՞ղ պիտի լիներ հասկանալ մեծ ու խորհրդավոր նպատակը։

Որ այդպիսի մի վերջնական նպատակ պետք է լիներ — դրա մեջ նա համոզված էր. որովհետև չէր կարող ըմբռնել, թե ինչպե՞ս կարելի էր, որ այդ ներդաշնակավոր, որոշ օրենքների ենթարկված հորձանքը չունենար մի կետ նպատակ, և որ այդ բոլորը գոյություն ունենար աննպատակ, դիպվածով միայն…

Եվ երբ մտավ իմաստունը այդպիսի բնազանցական խնդիրների մեջ, պահ մի կասկածեց, թե գուցե ոչ մի նպատակ գոյություն չուներ։ Բայց դա մի ակնթարթ միայն տևեց, որովհետև համոզված էր, որ այդ այդպես չպետք է չիներ, որ կար մի վերջնական, ծայրագույն նպատակ, և որ այս բոլորը ձգտում էր դեպի նա, գործում էր՝ նրան հասնելու համար…