Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց ո՞րն էր այդ նպատակը. ինչո՞ւ ուրեմն թաքնվում էր նա, եթե կար. ինչո՞ւ ոչ իսկ հասկացողության համար մատչելի էր լինում, ո՛չ իսկ մտովին հնարավոր էր լինում երևակայել։

Եվ երբ խորապես գիտակից եղավ դրան, մահացու տանջանք զգաց։

Մոլորված, ընկճված, այդ ծանր հարցերի տակ ծյուրում էր, երբ նրան խորհուրդ տվին գնալ պտտել, օդ ծծել և իր տանջանքը մեղմացնելու համար ճանապարհորդել:

Լսեց իմաստունը։ Ո՞վ գիտե, մտածեց նա, գուցե հիվանդ եմ և դրանից է, որ այսպիսի փիլիսոփայական հուսահատեցուցիչ մտքերով ճնշվում եմ։ Փորձեմ զվարճանալու, գուցե, ստամոքսս հափրացնելով, տրամաբանական այդպիսի թռիչքներ չանեմ այլևս և բավականանամ անտրամաբանության մեջ բույսի պես աճելու։

Ու գնաց: Մի կողմից էլ մտադրեց ճանապարհին հանդիպած այնպիսի անձերից, որոնք նրա ուշադրությունը կհրավիրեն իրենց վրա, հարցնել այն բանի մասին, որն իրեն հուսահատեցնում էր։

Քայլեց նա շա՜տ երկար ու մի ամսից հետո հասավ մի սուրբ երկիր, ուր կանաչ, կապույտ ու սպիտակ փաթթոցավոր գլուխներ վխտում էին քաղաքների փողոցներում, ուր մինարեների ծայրերը համբուրում էին երկնքի վրայից սահող ամպերը և ուր վանքեր և ուխտատեղիներ ավելի շատ էին, քան աղոթողներ և ուխտավորներ:

Երբ քաղաք էր մտնում, կամուրջի վրա մի մեծ իրարանցում տեսավ և ձիավորների հանդիպեց, որոնք երկար գավազաններ ձեռքերին՝ սրարշավ գալիս էին և գոչում.

- Ճանապա՜րհ, ճանապա՜րհ…

Քիչ մնաց ոտքի տակ գնար։ Ետ թռավ ու կպավ կամուրջի թմբին։ Մի րոպեից հետո, երբ 10—15 ձիավորներ անցել էին, անցավ նաև ոսկեզօծ ու շքեղ մի կառք, որի մեջ բազմել էր երկար մորուքով պատկառելի սպիտակազգեստ ծերունի՝ մի ձեռքին ոսկեձույլ կոթով գավազան, մյուսում՝ սաթե վարդարան։ Եվ ծերունու վարդագույն նուրբ շրթունքները շարժվում էին, աչքերը կարծես մոռացել էին այս աշխարհը…

- Ահա մի սուրբ կրոնավոր, — մտածեց իմաստունը և հարցրեց, թե ով էր անցնողը։

- Մի՞թե չգիտես, դա հավատացյալների մեծ կրոնապետն է, մի իմաստուն մարդ։

- Իմաստո՞ւն:

- Այո՛, չկա մի բան, որ չիմանա։