Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավազը։ Այդ իսկ շփումն էր, որ այնքան հանկուցիչ և ախորժալուր հնչեց ականջիս։

Քաշում էր ինձ այդ ամենը, քաշում էին մանավանդ այն հեռավոր անկյունները, ուր ժայռերի կույտերը հովանի էին սփռում ծովափին, և ուր կարելի էր պարզել ծովի առաջ, ջրի երթուդարձի ողողումները ոտքերիս մոտ ունենալ և շառաչումների ամանակի տակ երազել անվե՜րջ…

2

Սենյակ շո՛ւտ գտա։ Ընդհանուր լողարաններից հեռու, անմիջապես ծովափին, կային լավ ամարաստաններ։ Ծաղկավետ պարտեզներով շրջապատված մի տան մեջ տվին ինձ բնակարան և խոստացան ամեն հարմարություն։ Թանկ չէր. վերնահարկ էր, ծովը դիմացս, անտառոտ լեռները դեպի աջ, լողարանի հատկացրած փայտյա խղի՛կ ծոցի մեջ և, որն առավելն էր, խաղաղ ու լուռ տեղ լինելով, կարելի էր անշշուկ հանգստանալ, գիշերները անվրդով քնել։

Երբ տեղավորվել էի, հագուստս փոխել ու լվացվել, իջա ծովափ և գնացի դեպի հեռուները։

Բնակությունները վերջանում էին մի քանի հարյուր քայլ դեպի ձախ։ Այնուհետև կանաչագեղ մարգերն էին և վերջապես փոքրիկ փարոսը, որի աշտարակն ու տնակը կառուցված էին հրվանդանի վերջին ծայրին։

Հասնելով դաշտը, գնացի ծովափին մոտ ու ժայռերի միջով իջա դեպի եզերքը։ Միապաղաղ շերտավորումներով բնական քարաթմբեր էին այդտեղ։ Ժամանակի ընթացքում կտորներ էին կորզվել նրանցից և գլորվելով դեպի ջուրը՝ խութեր գոյացրել։ Նման լերկ գանգերի, ժայռերից մի քանիսն ունեին իրենց շուրջը ծովային ճապաղ բույսեր, որոնք ծփում էին ջրերի հետ և անընդհատ երերումներով՝ նուրբ փրփուր մղում դեպի ավազները։

Այդտեղ նստեցի ես մի խոշոր սալի վրա և մտադրեցի ոչի՛նչ չմտածել, ոչի՛նչ չհոգալ, ոչի՛նչ չզգալ ու, եթե ջրի պարբերական շառաչը նինջ ազդեր՝ քնել ծովի օդը թոքերիս մեջ լիաբերան, դեմքս պայծառ երկնքին և վերևում ճախրող թռչունների ճռվողյունների տակ։

Ննջե՜լ… Ահ, այո՛, եթե կարողանա՜յի մի անգամ գոնե քնել կուշտ, անհագորեն· եթե մի միակ օր հաջողվեր ինձ լիովին անէանա՛լ քնի մեջ, չվրդովվել հրեշային անրջանքներով, մղձավանջների զոհ չդառնալ, քնել առանց որևէ երազի, առանց ջղային տքնումների…

Թիկն տված մի ժայռի, խոհերս ցանուցրիվ և ոստոստուն, ակնարկս ծփացող ջրի զանգվածին, լիովին անջարժ, և անփութության նվիրած