Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

չէ հաջողում ըմբռնել, զորեղ երևակայությամբ անգամ ենթադրել գաղտնիքը, թե ի՞նչն է արգելք շինում այդ կարելիությանը, ինչո՞ւ է, որ կարելի չէ լինում թափանցել, հասկանալ…

Կրոնապետը գլուխը խոնարհեցրեց, երկար և լռությամբ դարձրեց վարդարանի հատերը, օրորվեց ու մտածեց, հետո գլուխը նորից բարձրացրեց ու ասաց խուլ ձայնով.

— Միայն մի խրատ կա քեզ տալու, որդյակ, միայն այդ խրատը…

Ու աջ ձեռքը դեպի երկինք բարձրացնելով, ասաց.

— Դիմիր բարձրյալին, և նա թող կամ լուսավորե քո միտքը և կամ խավարեցնե. որ կա՛մ գտնես ինչ որ փնտրում ես, կամ թե չունենաս փնտրելու այդ փափագը… Դիմիր աստծուն, նվիրիր քեզ նրան, և տեր ընդ քեզ…

2

Նվիրվել աստծուն…

Արդյոք այդ նվիրվելը պիտի հասկացնե՞ր նրան, ավելի՞ գիտակցական ու ավելի՞ բարձր մտային մթնոլորտի պիտի հասցներ և արդյոք դա՞ պիտի լիներ փնտրածը գտնելու միջոցը:

Եվ ինչպե՞ս նվիրվել: Հագնել քուրձ, քաշվել մի խղիկ, ծոմ պահել, տանջել իր անձը, զրկվել ամեն բանից և ինքն իր մեջ ամփոփելով խորհել միայն երկնային մտացածին բաների վրա՞:

Ու երբ երկար մտածեց իմաստունը, գտավ, որ ասածուն նվիրվել՝ նշանակում էր ձգտել դեպի նա, այսինքն դեպի ամենակատարյալ մի նպատակի։

Բայց չէ՞ որ հենց դա էր փնտրածը։

Ուրեմն հարկավոր էր փորձել. բայց ո՛չ թե մենակեցությամբ ու ճգնությամբ, այլ ձգտելով դեպի նա, տանել իր հետ իր ամբողջ շրջապատոդներին էլ։ Հավատալ և հավատքի բերելով բոլորին, գործել միահամուռ ուժով՝ հասնելու այդ նպատակին։

Ու տխուր էր նա, երբ իջավ այդպես դեպի աստծուն նվիրվելու նպատակը և սկսեց խորհել դեպի նրան հասնելու միջոցների վրա։

Այնուամենայնիվ գնաց նա ժողովրդյան մեջ ու սովորցրեց աստվածը։ Սովորցրեց գիտենալ և գիտենալու համար էլ ուսանել՝ այսինքն կասկածել, զննել, վերլուծել ու բաղադրել։ Սովորցրեց լինել անկեղծ ու համեստ, սովորցրեց ո՛չ թե վախենալ աստծուց, այլ սիրել նրան, ո՛չ թե նրան ստրուկ համարվել, այլ որդի, ոչ թե պատիժ մտածել, այլ վարձատրություն և ձգտել նմանվելու այն երևակայական մարդ-տիպարին,