Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հրեշտակ է կոչվում և որին իսկապես գուցե նման դառնա ապագա մարդը նույնիսկ ֆիզիկապես, այսինքն մի գլուխ և մի զույգ թևեր՝ նրանցով սլանալ-կտրել թափանցելու համար անհասկանալի, հեռավոր և ծայրագույն նպատակը։ Սովորցրեց հրեշտակ լինել այդպես։

Եվ քարոզեց նա ա՛յդ կրոնը: Մի կրոն, որի միջից դուրս նետեց կեղծիքն ու ստրկությունը, վախն ու պատիժը, չարիքն ու լրբությունը, պատվարն ու մտավախությունը։ Մի կրոն, որի տաճարը բնությունն էր, Ս. գիրքը՝ բնության օրենքները, սեղանը՝ գիտակցությունը և պատարագը՝ գործունեությունը…

Ու մարդիկ լսում էին նրան ապշած, սրտի խորքից վրդովված ճշմարտության զուտ խոսքերով, անկեղծ ցուցմունքներով։

Եվ երբ անցնում էր նա երկիրներից, ուսուցանում էր փարիսեցիների դեմ, սովորեցնում պարզություն ու սեր, գիտակցություն և քննադատություն… հանկարծ, մոլլայական ամբողջ դասակարգը, կատաղած այդ «հերետիկոսի», հերձվածողի, խռովարարի և աղանդավորի դեմ, մի օր, երբ նա ոգևորված սրաթռիչ երազներով, ապագա մաքուր և երջանիկ կյանքի մասին էր խոսում, բռնեցին ու տարան բանտ:

Բանտի մեջ իմաստունը բավական երազեց. բայց երբ դուրս եկավ իր էքստազային վիճակից և հանգստացավ, սկսեց խորհրդածել իր դրության մասին։ Ինչո՞ւ էին բռնել իրեն, ինչո՞ւ բանտարկել: Որովհետև նա գործել էր կեղծության դեմ և գործել էր համարձակ ու անվախ, համոզված լինելով, որ այդ էր միակ ճանապարհը դեպի կատարյալը ելնելու, դեպի բարձր ձգտելու… Ա՜խ, որքան խոր կերպով վարժ էր կեղծիքի՝ աշխարհն ու մարդկությունը, մինչև իսկ վարժ՝ կեղծիքն իբր անկեղծություն ընդունելու և ապշել էր, հուզվել, երբ լսել էր նրա քարոզած որոշ անգույն ու անդիմակ ճշմարտությունները։

Եվ այն դասակարգը, որ դարերից ի վեր հեղաշրջել էր անկեղծությունը՝ կեղծության, պարզ ճշմարտությունը խեղդել էր բարդ ստությունների մեջ — այդ դասակարգը, զգալով վերանորոգչին՝ ուզեցել էր ազատվել նրանից։

Անշուշտ այդպես էր, որ բռնել էին Նազովրեցուն, դրա համար էր, որ խաչել էին նրան — ստության ու կեղծիքի դեմ քարոզող և անկեղծության ու ճշմարտության մեծ զոհին։ Եվ անշուշտ, Նազովրեցին, երբ գնում էր դեպի խաչը, նույնն էր մտածել, խորհել էր, որ խաչվում էր հանուն ճշմարտության, հանուն ամենակատարյալի…

Անցել էին դարեր, շա՛տ շատերը նույն կերպով խաչվել էին ու տանջվել, որովհետև ցեխի կույտի միջից համարձակվել էին դեմ ելնել այն