Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես իմաստունը ոտքի ելավ, դարձավ կուչ եկած ծերունուն և ասաց տխրությամբ.

— Ե՛տ առ ուրեմն խրատդ, հավատացյալների պետ, որովհետև նրան ինձ տալու ժամանակ իսկ՝ դու լավ գիտեիր, որ կամ հարկավոր էր շղթա վաստակել և կամ կեղծել… Ես չկեղծեցի. նվիրեցի ինձ ամենակատարյալի, պատվար դրի անհունության մեջ մոլորվող իմ խորհրդածության, կասկածի և վարանման առաջ, ծառայեցի ո՛չ թե իմ մարմնի գոհացման, այլ հոգեկան բարձրության՝ հասկանալու համար, և տեսա, որ հոգեկան անգոհությունը խենթություն, հիվանդություն է համարվում… «Կեր, խմիր, զվարճացիր միշտ, — ասում էին ինձ, – և ո՛չ կխորհես, ո՛չ մտային խորհրդածական տանջանք կունենաս, ո՛չ կկասկածես և ո՛չ էլ մտային սլացումների կձգտես»… Դու ինձ սխալ ճանապարհի վրա դրիր, ծերունի:

Ու թոթափեց իրեն իմաստունը. և նորից փնտրողության անհատակ վիհ գոյացավ նրա մտածողության մեջ։ Նորից ձգտումն դեպի ծայրագույն նպատակի ըմբռնողությունը, նորից հարցական մեծ նշան. էնիգմա, նորից կասկած…

Ու մի րոպեի մեջ մարեց նրա աչքերի կայծը, կնճռոտվեց նրա ճակատը։ Եվ նա տխուր էր, հուսահատ։ Ինչո՞ւ այդ բոլորը, դեպի ո՞ւր և դեպի ի՞նչ նպատակի էր ձգտում տիեզերային հորձանքը, այդ բոլոր թե՛ կեղծ, թե՛ անկեղծ, թե՛ սուտ և թե՛ ճշմարիտ մոլեգին շարժումը, առաջադիմությունը, եռանդագին պտույտը…

Եվ թե ինչո՞ւ էր թաքնվում նա՝ որին ձգտում էր ամեն ինչ. ի՞նչն էր նրան ծածկում, անհասկանալի դարձնում…

3

Նրան ազատեցին բանտից: Մեծ կրոնապետը հազիվ կարողացավ հանել կրոնավորության ճիրաններից՝ խենթ հռչակելով միայն։

Ու գնաց իմաստունը գլխիկոր, շվարած։ Ամեն ինչ այլևս կեղծ էր թվում նրան: Նա ականատես էր եղել ավազակների, որոնք տաճարների դռներն էին համբուրում և բարեպաշտ հռչակվում, հարստահարողների, որոնք աստուծո սեղանի կանթեղի մեջ յուղ էին լցնում, և մոլլաների, որոնք այդ բոլոր խաբեբաներին ու կեղեքիչներին օրհնում էին, նրանց բարեպաշտությունը հռչակելով և աստուծո պաշտամունքը նրանց ծառայեցնելով…

Եվ տեսել էր նա, որ ժողովուրդն ամբողջ գոհ էր այդ փոխադարձ, սիստեմատիկական կեղծիքով, գոհ՝ խաբեության մեջ, սովոր նրան,