Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շնչում էր նրանով, մեծացել էր ու սնվել նրա մեջ, ու ճշմարտությունը սարսափեցնում էր նրանց, անկեղծությունը մահացնում…

- Այս ժողովուրդը ո՛չ թե օդ է շնչում, այլ կեղծիք և սուտ, — ասաց իմաստունը և գնաց դեպի անապատ, հեռու ամբոխից, զզված նրա կեղտերից:

Երկար նա քայլեց, շատ երկար. վայելեց անապատի միայնությունը, որոնեց, խորհեց, օրերով իրեն նվիրեց խնդրի լուծումը գտնելուն, բայց քանի խորհրդածում էր, քանի վերլուծում, քանի որոնում էր, քանի հարցը քրքրում, այն էր զգում, որ ոչինչ չէ գտնում ու ոչինչ չէր զտնելու…

Եվ մի օր, երբ աննպատակ քայլում էր ամայի տեղերում, դեմառդեմ եկավ մի քարավանի, որ իջել արմավենիների տակ՝ հանգչում էր։ Երկու աղաներ էին, 5—6 ծառաներ։ Տերերից մեկը, որ մի պատկառելի ծերունի էր, հրավիրեց իմաստունին մոտ գնալ, նստել իրենց սեղանի մոտ և հանգստանալ զովացուցիչ ըմպելիներով։

Ու երբ զովացրել ու կշտացրել էր նրան, այսպես ասաց.

— Ներիր, դերվիշ, եթե հարց տամ քեզ, թե ինչո՞ւ համար ժամանակդ անց ես կացնում՝ թափառելով այս անապատի մեջ. արդյոք կարծում ես, թե աստված ամայի տեղերի մե՞ջն է, և դու նրան կգտնես աղոթքներով ու ճգնությա՞մբ, կամ արդյոք կյանքը քեզ համար այլևս ոչինչ չարժե, և դու կյանքի համար ոչ մի օգուտ չունես, թե՞ արդյոք դու մի հուսահատ մարդ ես, որ ոչ մի նպատակ չունի և ապրում է մինչև մեռնելը՝ աննպատակ ու անտարբեր…

Իմաստունը, որ լսում էր ծերունուն, դառն ժպիտ դեմքին՝ թողեց, որ նա վերջացներ և ապա պատասխանեց.

— Իսկ դու, ծերունի, — ասաց նա, — դու, որ կյանքը տեսել ես և երկար վայելել, ասա ինձ, ունե՞ս նպատակ և եթե ունես, ո՞րն է այդ. վերջնականապես ինչի՞ ես ձգտում, ի՞նչ է քո ապրելու, գոյությանդ նպատակը…

Ու նրա աչքերի մեջ փայլեց գիտենալու և իմանալու փափագի մի այնպիսի բուռն կրակ, որ նրան լսողները վախեցան: Վախեցան այդ ահավոր և խորին փափագից, այն անհագ ու անվերջ ցանկության անշեջ կրակից:

— Ասա ինձ, — շարունակեց իմաստունը, — դու, որ կարծում ես, թե միայնության ու ինքնամոռացության մեջ չէ նաև երջանիկ անգիտության ապավենը, դու, որ մղում ես ինձ նետվելու կյանքի մեջ, կարծո՞ւմ ես, թե կարող ես ցույց տալ ինձ ծայրագույն նպատակը և նրան գնալու ուղիղ ճանապարհը… խոսի՛ր: