Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Բայց ծերունին շփեց մորուքը և փոխանակ ոգևորվելու, փոխանակ քաջությամբ պատասխանելու և վառված գիտակցության կրակով անհույս իմաստունին ուսուցանելու — կորացրեց գլուխը և մեղմ, խուլ ձայնով ասաց.

- Մեծ և խոր, անհուն է և անսահմանափակ թո փափագը, դերվիշ, և իմ գիտցած, իմ գտած նպատակը շա՛տ փոքրիկ է, շա՛տ չնչին դրա համեմատությամբ…

— Ա՛հ, այդպե՞ս, — բացականչեց իմաստունը, — ուրեմն դո՞ւ էլ բավականացել ես միջոցներից մեկը ընտրելով իբր նպատակ. քեզ խաբել ես և նրանով ոգևորվել, մտածությանդ անհունությունը պատվարել ու փոքրիկով գոհ եղել։ Ասա տեսնենք բայց, ո՞րն է գոնե ա՛յդ միջոցը, որին դու նպատակ ես անվանել: Աստծուն նվիրե՞լն արդյոք. գնալ կեղծիքի մեջ փառքի, կամ ճշմարտությունով խենթության անվան և շղթայի՞ արժանանալ. հանուն Մեծ-անհայտի խաբե՞լ, ստե՞լ և ստության մեջ ընկղմելով շրջապատդ՝ օգտվե՞լ նրա կուրությունից և մարմինդ պարարել ու ճարպացնե՞լ և կամ այնքան խաբել, որ խաբեությունը նվիրագործելով իբր ճշմարտությո՞ւն համարել… 0՜, դրանք ես տեսա, փորձեցի և գտա, որ մեծ նպատակը, վերջին, ծայրագույն նպատակը խուսափում է, թաքնվում մեզնից, որովհետև մի բան արգելք է դառնում մեզ հասկանալու, գիտենալու նրան…

Երկրորդ տերը, որ մի երիտասարդ էր, սակայն բովվածի ու փորձվածի դիմագծերով և որ լռությամբ լսում էր իմաստունին, հանկարծ մի թեթև շարժում գործեց, ընդհատեց նրան և ասաց.

— Մի խո՛սք, դերվի՛շ։

Նրա ձայնը մեղմ էր, բայց խոր և թափանցող. իմաստունը կանգ առավ և լսեց։ Այն ժամանակ երիտասարդը, ճակատն ակոսած մտախոհական կնճիռներով, խոսեց ծանրությամբ.

— Իսկ այժմ, — ասաց նա, — ասա՛ ինձ, ով իմաստուն, որոնող ու անհագ դերվիշ, ասա՛, դու, որ տանջվում ես այդքան՝ չգտնելով, թե ո՞ւր է գնում այս բոլորը, կարո՞ղ ես ասել գոնե, թե որտեղի՞ց է եկել նա, ինչից գոյացել և թե վերջապես ինչպե՞ս, ինչո՞ւ և որտեղից է էություն ստացել աոաջին հյուլեն…

Իմաստունը մի քիչ լռությամբ նայեց երիտասարդին, հետո ձեռքը նրա ուսին դրավ և ասաց.

— Տանջվի՛ր, երիտասարդ ընկեր, տանջվիր դու էլ. երկուսիս հարցը նույնն է, երկուսս էլ դեպի նույն անըմբռնելի նպատակն ենք գնում, չնայելով, որ դու փնտրում ես ծագումը, իսկ ես՝ վերջը։ Բայց երկու ծայրերը մոտենում են իրար. ամեն ինչ ինձ թվում է, որ կլոր է