Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ես այդ բոլորը, որ թողած դրանք, որոնում ես, թե ինչո՞ւ է թաքնվում այդ նպատակը։ Այդպես չէ, իմաստուն: Արարչին կամ արարչագործության նպատակը ճանաչելու համար ամենից առաջ հարկավոր է լավ ճանաչել արարածը, հենց որ լավ և կատարելապես ճանաչեցինք արարածին, նպատակը, ինչ որ էլ լիներ նա, ճանաչելի է դաոնալու։ Եթե լավ ճանաչենք նյութը և նրա բոլոր հատկությունները, պիտի կարողանանք ուրեմն ճանաչել և նրա ուժը… Արդ, չե՞ս գտնում, ով իմաստուն, որ մի անգամ նյութը և ուժը գտնված ու ճանաչված, կարող է իսկույն ճանաչվել նաև նրա ձգտման, շարժման նպատակը…

Ճանաչել նյութը, այսինքն մեզ շրջրապատող իրերը, ճանաչել նրանց էությունը և կազմությունը, ապա նրանց էության ու կազմության ուժը – ահա միակ միջոցը՝ ըմբռնելու համար այն նպատակը, որ մնում է անըմբռնելի… բայց թե ե՞րբ կլինի այդ, էակների ո՞ր երջանիկ տեսակի ժամանակ, քանի՞ միլիոն դարեր հետո — չգիտեմ։ Ես փնտրում եմ, տանջվելով փնտրում, հաճախ հուսահատվում եմ, սակայն փնտրում եմ ու միշտ փնտրում. ես հետևում եմ այն արհեստին, որի գործը փնտրելն է, ես հետևում եմ գիտության, աշխատում եմ իմ շրջապատողներիս էլ նրան հետևողներ դարձնել և հավատում եմ, որ դա է ա՛յն միակ ճանապարհը, որ մարդկությանը պիտի հասցնե հասկանալու կետին…

Ու լռեց։ Նրա տանջված դեմքը պարզվել էր, և ոգևորությունը գծվել ճակատի վրա, չնայելով, որ գիտեր, թե ինքը իր համար ոչինչ չէր փնտրում, որ ինքն, իր համար չէր ոգևորվում և որ իր բոլոր ուժն ու միտքը ծառայեցնում էր միմիայն ապագային, երբ իրենից ոչինչ չէր մնալու այլևս, եթե ոչ մի աննյութ էություն — մտային արտադրության մի հյուլե…

Իմաստունը, որ նայում էր երիտասարդ իդեալիստին և լսում նրա ոգևորված խոսքերը, թողեց, որ մի քանի րոպե խոր լռության մեջ միայն ծառերի տերևները սոսափեն, թռչունները ճլվլան, հետո մտախոհ գլուխը բարձրացրեց ու ասաց.

— Այո, երիտասարդ գիտուն, որ բնությունն ես ուզում ուսումնասիրել և գիտությունն ես համարում ծայրագույն նպատակը ըմբռնելու միակ միջոցը, այո, դու շատ կետերում իրավունք ունես, բայց իրավունք չունես արհամարհելու այն բուռն փափագը, որ ձգտում է որոնելու արարածի գոյության իրավունքը՝ մտածության ճանապարհով, և որ գիտության մեջ չէ գտնում ծայրագույն նպատակը ճանաչելու ճանապարհը…

– Ծայրագույն նպատա՞կ,– միջահատեց նրան երիտասարդ բնագետը,– ո՛չ, ես չեմ արհամարհում այդպիսի որոնողների ջանքը, այլ