Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհետևանք աշխատություն միայն համարում… Ծայրագույն նպատակը, «վերջնական» կետը գտնելու համար նախ պիտի համոզվել, որ կա նա… Կա՞ նա. և եթե չկա, կարելի՞ է, որ չլինի։ Հասկանալի՞ է այդ ոչ-էությունը… Օ՛, դրա համար հարկավոր կլինի ապրել այնքան, որքան գոյություն կունենա նյութը, այսինքն ապրել անվերջ, զննել ու դիտել անվերջ, տենչալ, սովորել և… տանջվել…

— Գիտենալով, որ միշտ տգետ ես, միշտ ոչինչ չգիտես և չես կարող գիտենալ… — ավելացրեց իմաստունը տխրության խոր շեշտով և ծանրացած գլուխը խոնարհեցրեց կրծքի վրա:

Ծերունի ճանապարհորդը այն ժամանակ շարժվեց և խոսեց այսպես.

— Լսեցեք այժմ, թե ինչ կխրատե երկուսիդ էլ մի ծերունի, որ ավելի երկար է ապրել, քան դուք, ավելի երկար է տանջվել, քան երկուսդ… Լինելով երկրի ծնունդ, մնացեք երկրի վրա, ու թող ձեր մտածությունն ու որոնելու տենչանքը թափառեն այնտեղ, ուր դեռ շատ և շատ բան կա ուսումնասիրելու, զննելու… Բոլոր երևույթները գոյանում են որոշ օրենքների մի շղթայից, որի միայն մի քանի օղակն է մեզ ծանոթ. օրենքների մի շղթայից, որի մի ծայրը երկրիս վրա է և մյուսը կորսվում է անհունության մեջ։ Եթե ուզում եք տեսնել նրա վերջին կետը, ցատկել անհնար է, գնացեք օղակ առ օղակ, թող ձեր միտքը որոնե օղակների հաջորդական շարքը և նրանց վրայից, որպես աստիճաններով՝ թող բարձրանա դեպի կատարյալը: Մի ոստնեք. ուսումնասիրեցեք երկիրը, որի ծնունդն ենք մենք, ուսումնասիրեցեք մարդկությունը։ Մաքրեցեք նրա ուղին, նվիրվեցեք միմյանց օգնելու, միմյանց բարձրացնելու գործին և այդպես միահամուռ ուժով որոնեցեք իմաստությունն ու ճշմարտությունը… Նվիրվեցեք ձեր նմանների բարելավության, բարձրանալու գործին — ահա այն միակ միջոցը, որ պիտի տանի ձեզ հասկանալու կետին… Եվ օրհնյալ լինեք դուք ձեր անհագ, որոնող ձգտումներով, օրհնյալ լինի նաև նա, որ այդպես կօրհնի ձեզ…

Ասաց պատկառելի ծերը ու, թիկն տալով բարձերին, ակնարկը սևեռեց անապատի անհունության։

Ամեն ինչ լուռ էր շրջակայքում. տերևներն իսկ չէին սոսափում, քամին հեռվում, հորիզոնի վրա ավազի ծուռումուռ սյունակներ էր հորինում և դեպի օդը տարածում, իսկ արևը կռացած՝ արևագույն շողքեր էր սփռում ավազի անծայրածիր տարածության վրա…

Այդ միջոցին էր, այդպիսի խոր լռության մեջ, որ հանկարծ մի ահեղ մռնչյուն թնդացրեց օազիսն ու անապատը։ Ձիերը խրխնջացին, ծառերի տերևների տակ թառած թռչունները ճչացին, և օազիսի խորքերից