Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասցրել ես համակերպության։ Բարձել են սրտիդ, ուղեղիդ վրա ճզմող, փոշիացնող առաքինություններ։ Եղել ես արյունոտ մտրակ քո իսկ մեջքի վրա. մտրակում ես թմրեցնելու չափ քո իսկ մկանունքը, փոխում քեզ տձև ցեխի, և ամեն անցորդ իր սմբակներով ոտնակոխ է անում քեզ։

— «Եղիր երկայնամիտ»,— ասում են քեզ։ Եվ քո միտքը այնքա՜ն երկարացրել ես, որ թույլ սողունի նման՝ հողի և փոշու մեջ է ծածկվում. երկար մտքովդ կաշկանդել ես սիրտդ և գոհ ես անշարժութունովդ։

Եկել եմ ահա։ Կրակովս պիտի մրկեմ–կարճացնեմ երկայնամտությունդ, խոհերովս տրորեմ խոնարհած ճակատդ, թքեմ պիտի կորացած սրտիդ վրա, ըմբոստ ոգովս դարբնեմ–ուղղեմ համբերատար ու ծռված ողնասյունդ, արածո՛ղ նախիր։

Եթե ընդունակ չես ազատվել քեզ ճզմող առաքինություններից, եթե չես կարող կտրել ականջներդ, փորել արտասուքի աղբյուրներդ—ոչնչացիր իմ կրակով, և մոխրիդ միջից կծնի այն նոր սերունդը, որ կարող պիտի լինի ծաղրել ամեն կաղապարային առաքինություն։


* * *

Սիրում եմ ես կռիվը։ Սիրում եմ կռվարարին, սիրում երկար և ամուր եղջյուրները դեմ տվող խոյին, ծվատող, պատառոտող հովազին, նույնի՛սկ ճանկռտող, ճչացող կապիկին, բայց երբեք լուռումունջ արածող ոչխարին։

Սիրում եմ նրան, ով ագոհ է, անվարվեցող, ով ըմբոստ է և հոխորտ, ով խայթող է և բռունցքն երկաթի։

Սիրում եմ ես նրան, ով հոսանքի դեմ է լողում, հոսանքն ի վեր գնում՝ ջարդվելով ալիքների դեմ։

Եվ այդ պատճառով՝ սիրում եմ կնճռոտ դեմքեր, սիրում խայթիչ լեզուն, սիրում ճիրաններ և լարված նետեր։

Եվ այդ պատճառով՝ թքում եմ ես ձեր երանավետ դեմքին, ձեր խաղաղ բարքի, հեզ բնավորության և համակերպող բարության վրա։

Եվ այդ պատճառով՝ գարշում եմ, երբ լալիս ես՝ փոխանակ կատաղելու, կծկվում ես՝ փոխանակ լարվելու, ծալվում ես՝ փոխանակ ծալելու, և միշտ, զզվացնելու չափ միշտ հառաչում՝ փոխանակ փրփրալու…

Ցույց եմ տալիս քեզ ահա՛ այդ գետակը, որ փորում է ամեն բան և ճանապարհ կորզում, որ փրփուրներով մաշում է կոշտ ժայռեր, ուտում է նրանց կուրծքը, պայթում նրանց գլխի վրա, ոտնատակ տալիս մացառ ու քար և չի՛ կամենում լճանալ-հոտել, իջնել–արտասվել։